‘Ճնշումների հետևանքով դատավորը իր ծառայություններն է առաջարկել ամերիկյան հատուկ ծառայություններին. Մամուլ’

1024

«Հրապարակը» օրեր առաջ գրել էր, որ նախկին դատավորներից մեկը մեկնել է ԱՍՆ և իր ծառայություններն է առաջարկել ամերիկյան հատուկ ծառայություններին՝ խոստանալով ներկայացնել փաստեր ժամանակին իր քննած մի գործի և դրա շրջանակներում իր նկատմամբ կիրառված ճնշումների մասին։ Թերթը այսօր մանրամասներ է ներկայացնում.

«Խոսքն Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանի մասին է, ով 2010թ. աշխատանքից ազատվել է, հետագայում հայտարարել, որ դա տեղի է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կամքով, քանի որ 2010 թվականին քննած մի գործի շրջանակներում չի ենթարկվել վերադասի հրահանգներին։ Ու թեև նա սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, սակայն հետագայում հարցազրույցներ է տվել այն մասին, որ ազատման իրական պատճառը ռուսական ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության և «Ռոսնեֆտ» պետական ընկերության գործով վճիռն է եղել։ Այս մասին իր հերթական զեկույցում 2012–ին անդրադարձել է նաև ԱՄՆ Պետական դեպարտամենտը։

Սակայն երբ Խոդորկովսկին ձերբակալվել էր, նրան պատկանող ընկերությունը սնանկ ճանաչվելուց հետո անցել է «Ռոսնեֆտ» ընկերությանը, վերջինս փորձել էր իրենով անել ոչ միայն բուն Ռուսաստանում գտնվող ՅՈՒԿՕՍ-ի ակտիվները, այլև ԱՊՀ երկրներում գտնվող կապիտալը։ Հենց այստեղ է, որ Սուրիկ Ղազարյանը 2010 թ. փետրվարին ապաքաղաքական որոշում է կայացրել հօգուտ ՅՈՒԿՕՍ-ի, թերևս սպառնալիք դառնալով հայ-ռուսական «բարեկամության» ճանապարհին։ Հետո արդեն իր իսկ կայացրած որոշման սրբագրումը, երբ բավարարել է «Ռոսնեֆտ»–ի երկրորդ հայցը՝ ՅՈՒԿՕՍ ԱՊՀ-ն ճանաչելով որպես «Ռոսնեֆտի» օրինական սեփականություն, այլևս Սուրիկ Ղազարյանին չի փրկել։ Ղազարյանը մամուլում խոստովանել էր, որ հրահանգ է կատարել՝ որոշումը կայացնելով հօգուտ «Ռոսնեֆտի»»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում ‘
Հաջորդ հոդվածը‘Արտագաղթի տեմպը 12 տոկոսով գերազանցել է անցած տարվա ցուցանիշը. Մամուլ’