‘
Ճանապարհային ոստիկանությունը չի պատրաստվում տուգանել չափից դուրս մգեցված ապակիներով մեքենաների վարորդներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Վարուժան Բալյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե ճանապարհային ոստիկանությունն առաջիկա օրերին պատրաստվում է խիստ վերահսկողություն սահմանել չափից դուրս մուգ ապակիներով երթևեկող վարորդների նկատմամբ և տուգանել նրանց: «Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նման քայլի ոստիկանությունը չի պատրաստվում դիմել»,- ասել է նա:
Բալյանը նշել է, որ ոստիկանությունը սպասվելիք բոլոր միջոցառումների մասին հանրությանը տեղյակ է պահում: «Եթե այդպիսի որոշում լինի, հանրությունն այդ մասին կիմանա հենց ոստիկանությունից»,- վստահեցրել է Բալյանը:
Համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ մոտակա օրերին ոստիկանությունը պատրաստվում է «ռեյդեր» սկսել բոլոր այն տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնց ապակիների մգեցվածությունը սահմանված կարգից բարձր կլինի: Ըստ տարածված տեղեկատվության՝ ոստիկանության տարածքային բաժիններ հանձնարարականներ են ուղարկվել, որպեսզի ոստիկանության աշխատակիցներն իրենց մեքենաների ապակիների մգեցվածությունը համապատասխանեցնեն սահմանված չափորոշիչներին:
‘