‘
ՀՀ ոստիկանությունը փորձում է պայքարել օտարերկրյա պետհամարանիշներով մեքենաների թույլ տված խախտումների դեմ:
Հանրային խորհրդրից հայտնում են, որ ՃՈ պաշտոնյաների առջեւ բարձրացրել են մասնավորապես, ռուսական համարանիշներով մեքենաների վարորդների՝ երթեւեկության կանոնների բացահայտ խախտման եւ արտոնյալ վիճակում գտնվելու խնդիրը, ինչը ոչ միայն վտանգավոր է երթեւեկության համար, այլեւ անպատժելիության եւ խտրականության մթնոլորտ է ստեղծում հանրության շրջանում:
Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհահնիսյանը հայտնել է, որ հիմա, երբ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենայի՝ իրավախախտում կատարած վարորդին, վերցնում է վարորդական իրավունքի վկայականը, արձանագրում խախտումը, եւ վարորդն իր վկայականը կարող է ստանալ միայն այն ժամանակ, երբ ՃՈ ներկայացնի վարչական իրավախախտման տուգանքի վճարման անդորագիրը:
Սակայն ոստիկանությունը արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների իրավախախտումների դեմ պայքարելու մեկ այլ համակարգ է պատրաստվում ներդնել. ՀՀ մտած արտասահմանյան տրանսպորտային միջոցները կֆիքսվեն, եւ եթե դրանց վարորդները որեւէ խախտում արձանագրած կլինեն ու պետության նկատմամբ կունենան պարտավորություն, ապա տուգանքը կվճարեն սահմանին, միաժամանակ կզգուշացվեն, որ հաջորդ անգամ իրենց մուտքը ՀՀ արգելվելու է:
Նշենք, որ ռուսաստանյան պետհամարանիշերով երթեւեկողների թույլ տված խախտումների մասին խոսել է նաեւ Սերժ Սարգսյանը դեռեւս 2015-ի աշնանը: Նա այն ժամանակ խիստ հրահանգ էր տվել՝ ապահովել, որպեսզի երթեւեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Սակայն այդ օրվանից հետո ոչ ռուսական համարներով մեքենաները, ոչ նրանց թույլ տված խախտումները Հայաստանում չեն պակասում: Հայտնի է, որ տեսանկարահանող սարքերը չեն ֆիքսում օտարերկրյա համարանիշերով մեքենաների խախտումերը, ինչը դրանք գրավիչ է դարձնում շատ հայաստանցիների համար: Հատկապես մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ իրավապահ համակարգում ծառայող, նախընտրում են ռուսական համարներ դնել իրենց թանկարժեք մեքենաների վրա:
‘