‘ՃՈ. Ոստիկանների նպատակը մեր քաղաքացիներից գումար կորզելը չէ ‘

721

«2012թ. դեկտեմբերին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ եղել են 9, իսկ այս տարի հունվարի 1-7-ը՝ 4-ը դեպք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը՝ հավելելով, որ մահվան ելքով ՃՏՊ-ների դեպքերը նվազել են: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

«Երևանում պատահարների քանակի նվազումը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության զգոնությամբ և առավել ուժեղացված ծառայությամբ: Ինչպես և հայտարարվել էր, տոնական օրերին ճանապարհային ոստիկանության կողմից ներողամտությունը բացառվելու էր, այդպես էլ եղավ»,- նշում է Արսեն Արշակյանը՝ հավելելով, որ բոլոր այն վարորդները ովքեր փորձել են կոպտորեն խախտել երթևեկության կանոնները՝ ստեղծելով անհարմարություններ երթևեկության այլ մասնակիցների համար, ենթարկվել են պատասխանատվության:

Հունվարի 1-7-ը Ճանապարհային ոստիկանության կողմից հայտնաբերվել և տուգանային հրապարակ է տեղափոխվել 8 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Ինչ վերաբերում է թե որ վարորդներն են առավել կարգապահ՝ կին, թե տղամարդ, Ա.Արշակյանը նշեց, որ «անհամեմատ կին վարորդները ավելի կարգապահ են, և կին վարորդների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը զգալիորեն քիչ են»:

Արսեն Արշակյանի խոսքով՝ 2013թ. ուժեղացված հսկողություն է իրականացվելու հետիոտների նկատմամբ։ Արձանագրելով, որ հետիոտնին պատճառող ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը զգալի է՝ կոչ արեց պահպանել երթևեկության կանոնները և սխալ վայրից չհատել փողոցը, որպեսզի զերծ մնանք վարչական պատասխանատվությունից և դժբախտ պատահարներից, աղետալի հետևանքներից։

A1plus.am-ի հաղորդմամբ, պարոն Արշակայանը վստահեցնում է, որ ճանապարհային ոստիկանությունը 2013թվականին հատկապես չի ներելու կարգազանց հետիոտնին։

«Խիստ կարգով տուգանելու ենք, իսկ եթե հետիոտն անձն հաստատող փաստաթուղթ չունենա, ապա մեր ճանապարհային ոստիկանության ծառայողական մեքենայով կտեղափոխվի մոտակա ոստիկանական բաժին, որտեղ կպարզվի նրա ինքնությունը և նոր վարչական տուգանքի կենթարկվի»,-նշեց Արսեն Արշակյանը։

ՃՈ փոխգնադապետը վստահեցնում է, որ ոստիկանների նպատակը մեր քաղաքացիներից գումար կորզելը չէ. «Հավատացե՛ք, պատահարների մեծ մասի պատճառը հենց կարգազանց հետիոտն է..»։

Նախորդ հոդվածը‘Օլեգ Բլոխինը պատժում է Կիեւի «Դինամոյի» խաղացողներին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Թեժ գիծ»`թեկնածուների շտաբների անդամների ու լիազոր ներկայացուցիչների համար’