‘Մադագասկարի հանգստավայրերից մեկում ողջ-ողջ այրել են երկու արտասահմանցիների’

772

Մադագասկարի առափնյա զբոսաշրջային  Նուսի-Բե կղզում տեղացիները սպանել են Ֆրանսիայի երկու քաղաքացիների, հաղորդել է BBC News-ը: Պատճառը տեղացի մի երեխայի անհետացումն է եղել, որին, ինչպես ենթադրվել է, սպանել են՝ օրգանները վաճառելու նպատակով: Ամբոխը նախ ուղղվել է ոստիկանության բաժանմունքի մոտ, որտեղ, ըստ նրանց առաջնորդողների, թաքնվել է սպանության անմիջական կատարողը: Գրոհի անհաջող փորձից հետո, որի ընթացքում մեկ մարդ զոհվել է, խռովարարներն այրել են հարևան տները, իսկ հետո սկսել են փնտրել սպանության պատվիրատու արտասահմանցիներին: Տեղական մամուլի հաղորդման համաձայն՝  այն բնակարանում, որտեղ երկու ֆրանսիացիներ են բնակվել, սառնարանում մարդկային օրգաններ են հայտնաբերվել: Տեղեկանալով այդ մասին՝ ամբոխը գնացել է լողափ, որտեղ հանգստանալիս են եղել արտասահմանցիները: Նրանց ծեծի են ենթարկել, ապա վրաները բենզին լցրել ու այրել: Ստացած վնասվածքներից և այրվածքներից երկուսն էլ մահացել են:

Մադագասկարում Ֆրանսիայի դեսպանատունը դիմել է իր քաղաքացիներին՝ հորդորելով դուրս չգալ հյուրանոցներից, քանի որ լարվածությունը կղզում դեռևս պահպանվում է. ամբոխը փնտրում է «արտասահմանցի բժշկին, որն ընդգրկված է մարդկային օրգանների մաքսանենգության մեջ»:

Սպանված երեխայի դին արդեն հայտնաբերվել է: Զննման արդյունքում պարզվել է, որ բացակայում են նրա լեզուն և սեռական օրգանները:

Արտասահմանցիների կողմից տեղացիների առևանգման մասին լուրերը սովորաբար տարածում են քաղաքական ուժերը՝ նպատակ ունենալով լարված իրավիճակ ստեղծել: Տվյալ դեպքում, Մադագասկարում BBC News-ի թղթակցի խոսքերով՝ պատճառը կարող են լինել համազգային ընտրությունները, որոնք նախատեսված են հոկտեմբերի 25-ին, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիայում ձերբակալվել է Սահմանադրական դատարանի ղեկավարը’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը Զարուհի Փոստանջյանի մասին. Ես միշտ իմ ձայնը զիջել եմ նրան ‘