‘Մադուրո. Վենեսուելա են ժամանել մանրէաբանական պատերազմի փորձագետներ’

809

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիր են ժամանել մանրէաբանական պատերազմի փորձագետներ: Կիրակի օրը ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ Մադուրոն կրկին կասկածներ է հայտնել, թե «ֆաշիստական ընդդիմությունը» մտադիր էր ինչ-որ վիրուս կիրառել՝ բնակչության մեջ խուճապ առաջացնելու նպատակով:

«Միջազգային պատերազմ է ընթանում, ընկերներ և հայրենակիցներ, որի նպատակն է Վենեսուելան ծնկի բերել, սակայն դա նրանց չի հաջողվի»,- ասել է նախագահը: Նրա խոսքով՝ «Արդեն Վենեսուելա են ժամանել բժիշկներ աշխարհի բոլոր ծայրերից, այդ թվում՝ եղբայրական Կուբայից, որպեսզի պարզեն, թե ինչ էին փորձում անել Արագուա նահանգում ֆաշիստական աջ ուժերը»:

Անցյալ շաբաթ Մադուրոն հայտարարել էր, թե աջ ուժերին կասկածում է « Մարակայ քաղաքի կենտրոնական հիվանդանոցում ինչ-որ վիրուս տարածելու և մանրէաբանական պատերազմ սկսելու» մեջ:

Արագուայի նահանգապետ Թարեք Էլ-Աիսամին տեղեկատվական ահաբեկչություն է անվանել այն լուրերը, թե երեք օրվա ընթացքում Մարակայի հիվանդանոցում ութ մարդ է մահացել, որոնք նույն ախտանշաններն են ունեցել՝ բարձր ջերմություն, բծեր մաշկի վրա, որոնք վերածվում են բշտիկների, և ներքին արյունահոսություն:

Ի դեպ, բոլիվարական հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսի մահվանից անմիջապես հետո Մադուրոն հայտարարեց, թե նախկին նախագահին «վարակել են քաղցկեղով»: Նա նշել էր, որ տարբեր երկրներում  1940-1950-ական թթ. կային գիտական լաբորատորիաներ, որոնցում մշակում էին մարդկանց քաղցկեղով վարակելու տեխնոլոգիաներ: Մադուրոն նշել էր, որ տվյալ դեպքում ինքն ԱՄՆ-ին նկատի չունի, նրա կարծիքով՝ «Չավեսը վարակվել է մութ ուժերի կողմից», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ներքին զորքերի դիվիզիային վերադարձվել է Ձերժինսկու անունը’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում հետաձգել են Անդրեյ Մակարևիչի համերգը’