‘Մալաթիայի եկեղեցու հարևանությամբ կրկին ապօրինի ծառահատում էր (տեսանյութ)’

834

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

«Նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո մայրաքաղաքի կանաչ տարածքներում բուռն թափով վերսկսվել են բարբարոսական գործողություններ, որոնք «բարեկարգում» որակելը մեղմ ասած տգիտության և հետամնացության նշան է։

 Այսօր Մալաթիայի եկեղեցու հարևանությամբ կրկին ապօրինի ծառահատում էր։ Քաղաքացիները մոտենալով՝ փորձեցին պարզել, թե ով է թույլ տվել նման գործողություն հանրային կանաչ տարածքում, պահանջեցին ցույց տալ թույլտվությանը, սակայն պարզվեց, որ աշխատողների խումբը ծառահատումն արտոնող որևէ փաստաթուղթ չուներ:

 «Չթողեցինք, որ շարունակեն կտրելը, ոստիկանություն կանչեցինք: Հետո տեսանք, որ մի 20 ծառ կտրել են ու դրա անունն է բարեկարգում: Մինչ ոստիկանության գալը բոլոր կտրած ծառերի հետքերը ուզում էին վերացնել, ծածկում էին հողով ու տերևներով, նկարներում պարզ երևում է: Ոստիկանությունը եկավ, նրանց էլ փաստաթուղթ ցույց չտվեցին, բոլորով գնացինք Մալաթիայի ոստիկանական բաժանմունք ու գործ հարուցվեց», նշեց քաղաքացի Անի Խաչատրյանը, ով սեփական ջանքերով է կանխել ծառահատումը, ինչպես նաև հանցագործության մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին: Քաղաքացու նկարահանած տեսանյութը ներկայացնում ենք ստորև։

Մենք կրնկակոխ հետևելու ենք այդ ապօրինությունը հեղինակած վանդալիստներին, ովքեր իրենց իրավունք են վերապահել վերացնելու հանրային օգտագործման կանաչ տարածքը, հետամուտ ենք լինելու, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն և օրենքի ողջ խստությամբ պատժվեն թե’ նրանք և թե’ նրանց ապօրինի գործողություններն արտոնող չինովնիկները»։

Նախորդ հոդվածը‘ՊՆ խոսնակ. Հակառակորդը դադարեցրել է կրակը հայկական կողմի պատասխանից հետո’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Ճիշտ քաղաքական որոշում կլինի, եթե իշխանությունն իր պարտությունն ընդունի’