‘
Մալայզիայի ոստիկանությունը հաղորդել է, որ անցյալ շաբաթ՝ հունիսի 28-ին, երկրի մայրաքաղաք Կուալա-Լամպուրի բարերից մեկում Եվրո-2016 մրցաշարի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած պայթյունը կազմակերպվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից:
Այդպիսով, իրավապահ մարմինների վարկածի համաձայն՝ բարի վրա հարձակումը, որի հետևանքով վիրավորվել էր ութ մարդ, ջիհադիստների առաջին հարձակումն է Մալայզիայում:
Սկզբում ոստիկանությունը կասկածում էր, թե պայթյունը կապ ունի բիզնեսի գծով մրցակիցների միջև առկա տարաձայնությունների հետ: Հարձակման հետ կապված՝ ձերբակալվել էր 13 հոգի, այդ թվում՝ երկու տղամարդ, որոնք կասկածվում էին ջիհադիստների հետ կապերի մեջ: «Մենք պարզել ենք, որ այդ երկուսը Մալայզիայում հարձակում կազմակերպելու հանձնարարություն են ստացել Սիրիայում գտնվող մեր մի հայրենակցից»,- ասել է Մալայզիայի ոստիկանապետը:
Ավելի վաղ Մալայզիայի իշխանություններն արդեն մտահոգություն են հայտնել Սիրիա մեկնող և ԻՊ-ի գրոհայիններին միացող իրենց քաղաքացիների թվի աճի կապակցությամբ: Վերջին տարիներին ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել են տասնյակ մարդիկ: Փոխանցում է BBC-ն:
‘