‘
Մալիում՝ երկրի մայրաքաղաք Բամակոյից արևելք գտնվող և զբոսաշրջիկների շրջանում մեծ հեղինակություն վայելող առողջարանային «Լե Կամպեման Կանգաբա» համալիրում, իսլամիստ գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել է երկու մարդ:
Մալիի անվտանգության նախարարի խոսքով՝ Կանգաբա ուղարկված զորքերն ազատել են հարձակվողների կողմից գերված 20 պատանդների: «Սա ջիհադիստական գրոհ էր: Մալիի հատուկ նշանակության ուժերն ազատել են առնվազն 20 պատանդների»,- հայտնել է նախարարը:
Կիրակի երեկոյան տեղացիները կրակոցներ են լսել, իսկ «Լե Կամպեման Կանգաբա» առողջարանային համալիրից ծխի քուլաներ են բարձրացել:
Մալիի անվտանգության նախարարության ներկայացուցիչը Reuters-ին հաղորդել է, որ առողջարանի վրա հարձակվել են գրոհայինները, և այնտեղ են ուղարկվել մալիացի զինվորներ և ֆրանսիական հակաահաբեկչական կորպուսի զինվորականներ:
2015 թ. նոյեմբերին Բամակոյում հարձակում էր կատարվել Radisson Blu հյուրանոցի վրա, որի արդյունքում պատանդ էին վերցվել արևմտյան զբոսաշրջիկներ, առնվազն 20 հոգի զոհվել էր: Այդ հարձակումից հետո Մալիում արտակարգ դրություն էր հայտարարվել, որը պահպանվում է մինչ օրս:
Փոխանցում է BBC-ն:
‘