Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում։ Հայ ըմբիշը նաև նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Ամոյանից բացի, սեպտեմբերի 22-ին ելույթ ունեցան նաև Արթուր Ալեքսանյանը, Գևորգ Ղարիբյանն ու Շանթ Խաչատրյանը: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է ու կպայքարի ոսկե մեդալի համար, Գևորգ Ղարիբյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ Շանթ Խաչատրյանը դուրս է մնացել պայքարից:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվում է 5 ուղեգիր: Ուղեգիր են նվաճում 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 7 ըմբիշով և նվաճել 3 բրոնզե մեդալ ու 2 օլիմպիական ուղեգիր՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 7-րդ տեղը։ Բրոնզե մեդալակիր էին դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ)։ 23-ամյա Հարությունյանը և 23-ամյա Թևանյանը նվաճել էին նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ուղեգիր։