Մալքոլմ Իքսի սպանության դատավճիռները փոխվում են

568

Ամերիկյան դատախազությունը հայտարարել է, որ ԱՄՆ սևամորթ բնակչության իրավունքների լեգենդար մարտիկ Մալքոլմ Իքսի սպանության համար դատապարտվածներից երկուսը պետք է արդարացվեն, քանի որ նրանց դատն անարդար է եղել։

Մալքոլմ Իքսը գնդակահարվել է 1965 թ․, ընտանիքի աչքի առաջ։ Սպանության համար մեղավոր է ճանաչվել երեք հոգի՝ «Իսլամի ազգ» շարժման կողմնակիցներ Մուհամադ Ազիզը, Խալիլ Իսլամը և Թոմաս Հագանը։ Սակայն դատախազ Սայրուս Վանս-կրտսերը New York Times թերթին հայտնել է, որ ՀԴԲ-ն և ոստիկանությունը դատարանից թաքցրել են ապացույցներ, և եթե դատավարությունն արդար լիներ, ապա երկու կասկածյալներ՝Ազիզը և Իսլամը, ամենայն հավանականությամբ՝ կարդարացվեին։

Բոլոր երեք կասկածյալները ցմահ ազատազրկման էին դատապարտվել, բայց հետո վաղակետ ազատվել էին։ Խալիլ Իսլամը մահացել է 2009 թ․։

 Մարտին Լյութեր Քինգի հետ մաիսին՝ Մալքոլմ Իքսը ԱՄՆ սևամորթ բնակչության իրավունքների համար մղվող պայքարի առանցքային ֆիգուրներից մեկն էր, սակայն ի տարբերություն առաջինի՝ նա շատ ավելի արմատական հայացքներ էր դավանում։ Իքսը երկար ժամանակ աջակցում էր «Իսլամի ազգ» կազմակերպությանը, որը սևամորթներին կոչ էր անում հրաժարվել քրիստոնեությունից և իսլամ ընդունել։ Բայց կյանքի վերջին տարում նա խզել էր հարաբերությունն այդ կազմակերպության հետ, թեև ինքը շարունակել էր իսլամ դավանել։

Մալքոլմ Իքսի դուստրերը կոչ են անում ստուգել այն վարկածը, որի համաձայն՝ հոր սպանությունը կազմակերպել են ոստիկանությունը և ՀԴԲ-ն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըWTA Finals. Գարբինյե Մուգուրուսան առաջին անգամ նվաճեց տիտղոսը
Հաջորդ հոդվածըԲրազիլիայի նախագահ․ Աշխարհի գավաթը 2 տարին մեկ անցկացնելը լավ գաղափար է