‘Մակակի՞, թե՞ օրանգուտան՝ սա է խնդիրը’

2834

Անցյալ օրը կենդանիների մասին հաղորդումներ հեռարձակող կայանով մի հաղորդում էի դիտում, որտեղ ցույց էր տրվում կապիկների տարբեր տեսակի ցեղախմբերի գոյակցությունը, թե ինչպես են նրանք իրար հետ հարաբերվում, ու ինչպես են կառուցվում վերադաս-ստորադաս հարաբերությունները:

Այս հաղորդման մեջ ինձ հետաքրքրեցին կապիկների ցեղապետի և ցեղի մնացած անդամների հարաբերությունները. ինչպես է ցեղապետը կարողանում «վերահսկողության» տակ պահել իր ցեղակիցներին, որպեսզի նրանք ոչ միայն իրեն ենթարկվեն, այլ նաև աչք չունենան էգ կապիկների և ցեղապետի կերակուրի վրա:

Դե, հասկանալի է, որ կապիկների այդ ցեղապետը ո՛չ սեփական ԿԳԲ-ն ունի, որը  ինֆորմացիա կհասցնի իր գահին վտանգող երևույթների մասին, ո՛չ կարող է զանգվածային արտագաղթ կազմակերպել, որպեսզի խուսափի հեղափոխություններից (չնայած՝ առավել ընբոստներին, այսպես թե այնպես, ցեղախմբից քշում են, սակայն այդ ամենը զանգվածային բնույթի չի կրում, քանի որ ցեղապետը հասկանում է, որ ցեղի զգալի պակասելու դեպքում կողքի ցեղախմբերը կգան ու կգրավեն իր ցեղախումբը՝ էգերով ու իր տարածքում գտնվող սնունդով հանդերձ), ո՛չ էլ «միշիկական ազատ լրատվամիջոցներ» ունի, որպեսզի ջուրը պղտորեն և հայտարարեն, թե՝ ով էլ գա՝ նույնն է լինելու, և այս ցեղապետից ավելի իմաստուն ցեղապետ չկա:

Ուստի կապիկների այս ցեղապետը շրջում է իրեն «վստահված» ցեղի մեջ և նայում որձ կապիկների առնանդամներին, ու երբ տեսնում է, որ մյուսներինն ավելի երկար է, քան իրենը, փորձում է կծելով դրանք կարճացնել, որպեսզի հա՛մ էգերը իր հակառակորդներով չգայթակղվեն, հա՛մ էլ ցեղախմբում բոլորը իմանան, թե ով է «միակ տղամարդը»:

Դե, սա էլ նորմալ կհամարվեր կապիկների համար, սակայն մի խնդիր կա. ցեղապետ  կապիկները ծերանում են, բայց դեռ այնքան ծեր չեն լինում, որ նոր սերունդը համարձակություն ունենա և իշխանափոխություն անի, և կանգնում են իրենց «սահմանադրական լիազորությունների» ավարտի շեմին, ու քանի որ բնության օրենքների դեմ չեն կարող գնալ՝ տեսողությունը սկսում է վատանալ, նրանք չեն կարողանում տարբերակել, թե հակառակորդ համարվող կապիկներից ո՛ր մեկի առնանդամն է մեծ կամ փոքր, դրա համար էլ կամ սխալ կապիկների վրա են հարձակվում, կամ էլ աչքաթող են անում իրական վտանգ ներկայացնող կապիկներին:

Հետևելով ՀՀԿ գործելաոճին՝ մոտս ասոցացիա առաջացավ կապիկների այս ցեղատեսակի և նրանց միջև. սրանք էլ են փորձում կծել բոլոր նրանց, ովքեր, իրենց կարծիքով, վտանգ են ներկայացնում իրենց ցեղապետին: Սակայն այստեղ ամենաուշագրավն այն է, որ այս երկու տեսակներին էլ թվում է, թե իրենք հավերժ են, ու ո՛չ բնության օրենքներն են գործում, ինչը ենթադրում է և՛ հիվանդություն, և՛ մահ, ո՛չ էլ կյանքի փոփոխվող իրավիճակները: Իրենց թվում է, թե ցողունացումով կամ էլ իրենց հավանական հակառակորդներին ոչնչացնելով՝ կհավերժացնեն իրենց իշխանությունը, իրենք էլ հնարավորություն կունենան աջ ու ձախ շրջել ու կծոտել:

Բայց արի ու տես՝ մի պայծառ օր պարզվում է, որ «գնացքը գնացել» է, և իրենց նախկին ենթականերն էլ արդեն ցուցմունք են տալիս շեֆի դեմ…

Ձեզ համար եմ ասում, թե չէ՝ ի՛նձ ինչ կա: 🙂

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘Վերահաստատվել են «Երևան Ջուր» ընկերության գործող սակագները’
Հաջորդ հոդվածը‘iLur.am-ը և «Հրապարակը» բողոքարկում են դատարանի որոշումը ‘