ՄԱԿ-ի մարդասիրական խմբի ղեկավար Ջեմմա Կոնելը հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղահանված անձանց համար ապաստարանները չեն բավարարում։
Այդ մասին տեղեկացրել է The National թերթը։
Ըստ Կոնելի, որը մի քանի շաբաթ է՝ Գազայի հատվածում է գտնվում, անկլավում իրավիճակը նման է «մարդկանց շախմատային տախտակի», որտեղ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և չեն կարողացել անվտանգ ծածկ գտնել։
«Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահ քաղաքում, ճանապարհների ծանրաբեռնվածության պատճառով տեղահանվածներից շատերը մնացել են առանց ապաստարանի։ Այստեղ՝ Ռաֆահում, այնքան քիչ տեղ է մնացել, որ մարդիկ պարզապես չգիտեն՝ ուր գնան, և այնպիսի տպավորություն է, կարծես մարդկանց տեղափոխում են շախմատի տախտակի վրա, որովհետև ինչ-որ տեղ տարհանում են հայտարարել»,- նշել է Կոնելը։
Իսրայելական կողմը հայտարարում է, որ զինվորականները ջանում են տարհանել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց, սակայն արմատականները քաղաքացիական բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան։ ՀԱՄԱՍ-ը հերքում է այդ մեղադրանքները։