Իսրայելի իշխանությունները հրաման են արձակել Գազայի հատվածի հարավից բնակչությանը տարհանելու վերաբերյալ։
Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերը համակարգող վարչությունը։
«Իսրայելցի զինվորականները դեկտեմբերի 20-ին տարհանման ենթակա նոր տարածք են նշել, այն ընդգրկում է Խան-Յունիս քաղաքի կենտրոնական և հարավային մասերի 20 %-ը»,- ասվում է վարչության մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իսրայելցի զինվորականների նշած տարածքում կա 32 ապաստարան, որտեղ պատսպարվում են ավելի քան 141 հազար ներքին տեղահանված անձինք, որոնք ստիպված են եղել լքել Գազայի հատվածի հյուսիսային մասը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Գազայում ցամաքային գործողությունը նոր շրջաններ է ընդգրկում, այդ թվում՝ Խան-Յունիսը, որը, ըստ նախարարի՝ դարձել է ահաբեկության նոր մայրաքաղաքը։