‘ՄԱԿ. բանաձևի նախագիծ՝ էլեկտրոնային լրտեսության անթույլատրելիության մասին’

572

Հինգշաբթի Բրազիլիան և Գերմանիան պաշտոնապես ՄԱԿ-ին են ներկայացրել Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ, որը կոչ է անում վերջ դնել էլեկտրոնային լրտեսմանը և ինտերնետի վրա տարածել անձնական կյանքին չմիջամտելու իրավունքը, որն ամրագրված է քաղաքական և քաղաքացիական իրավունքի վերաբերյալ միջազգային պակտում: Փաստաթուղթը ԳԱ ներկայացրել են ՄԱԿ-ում Բրազիլիայի և Գերմանիայի ներկայացուցիչները, որից հետո ևս 10 երկրներ հայտարարել են, որ դառնում են բանաձևի համահեղինակներ՝ Ավստրիան, Բոլիվիան, Ինդոնեզիան, ՉԺԴՀ-ն, Լիխտենշտեյնը, Պերուն, Ուրուգվայը, Ֆրանսիան, Շվեյցարիան և Էկվադորը: Բանաձևը, ամենայն հավանականությամբ, ԳԱ երրորդ կոմիտեում քվեարկության կդրվի ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 27-ը:

Փաստաթղթի սևագրում, որին ծանոթացել է ИТАР-ТАСС-ի թղթակիցը, ասվում է, որ  ապօրինի լրտեսումը «խախտում է անձնական կյանքի իրավունքը և կարծիք արտահայտելու ազատությունը, ինչպես նաև՝ խարխլում է ժողովրդավարական հասարակության հիմքերը»:

Բրազիլիան և Գերմանիան բանաձևի նախագիծը մշակել են միջազգային սկանդալի լույսի ներքո, որը ծագել էր ԱՄՆ ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի կողմից արված մերկացումներից հետո: Սնոուդենը հրապարակել էր տվյալներ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրականացվող զանգվածային էլեկտրոնային լրտեսման վերաբերյալ: Հոկտեմբերի 24-ին ԶԼՄ-ները տեղեկացրին, որ ԱՄՆ ԱԱԳ-ն  2009 թվականից գաղտնալսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը, իսկ  դեռ սեպտեմբերին հաղորդվեց Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆին լրտեսելու մասին: Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ անվտանգության ծառայություններն ընդհանուր առմամբ գաղտնալսել են աշխարհի 35 ղեկավարների հեռախոսները:

 

Նախորդ հոդվածը‘Իրանն Ադրբեջանի հետ երկու սահմանային անցակետ է փակել ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը որոշել է խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամկետները’