‘ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ’

702

Մարդու իրավունքների օրով նշվում է Ընդհանուր վեհաժողովի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման տարելիցը: Այս տարի լրանում է նաև 20 տարին, ինչ շրջադարձային քայլ է ձեռնարկվել մարդու իրավունքները բոլորին հասանելի դարձնելու համար. դա Մարդու իրավունքների համաշխարհային խորհրդաժողովի կողմից Վիեննայի հռչակագրի և գործողությունների ծրագրի ընդունումն էր: Հիմնվելով ավելի քան 800 հասարակական կազմակերպությունների, ազգային ինստիտուտների, պայմանագրային մարմինների և գիտնականների մասնակցության վրա՝ անդամ երկրներն ընդունեցին հեռանկարային մի տեսլական և ստեղծեցին Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ)՝ դրանով իսկ իրականացնելով միջազգային հանրության վաղեմի երազանքը:

ՄԻԳՀԳ-ի 20-ամյա գործունեության ընթացքում՝ հինգ նվիրյալ Գերագույն հանձնակատարներ գլխավորել են Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքը՝ մարդու իրավունքները գործն առաջ տանելով ողջ աշխարհում: Օգտագործելով մի շարք չափորոշիչներ և մեխանիզմներ՝ ՄԻԳՀԳ-ն պաշտպանում է զոհերին, ստիպում պետություններին կատարել իրենց խոստումները, աջակցում մարդու իրավունքների փորձագետներին և կառույցներին, և, աշխատելով 61 երկրներում, օգնում է պետություններին զարգացնել իրենց մարդու իրավունքների կարողությունները:

Մարդու իրավունքներին աջակցելը Միավորված ազգերի կազմակերպության հիմնական նպատակներից մեկն է, որին այն հետամուտ է լինում իր ստեղծման օրվանից իսկ: Այդժամ, ինչպես և հիմա, հաջողության գաղտնիքը անդամ երկրների քաղաքական կամքի մեջ է: Նախևառաջ, պետություններն են, որ պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները և կանխել խախտումներն ազգային մակարդակով, ինչպես նաև ոտքի կանգնել, երբ որևէ այլ պետություն ձախողում է կատարել իր հանձնառությունները: Միշտ չէ, որ սա հեշտ է, և անցած 20 տարիների ընթացքում մենք տեսել ենք ցեղասպանություն և միջազգային մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի սարսափելի և մեծամասշտաբ խախտումներ:

Նոր նախաձեռնության՝ «Իրավունքներն առաջնային ճակատում» գործողությունների ծրագրի կիզակետում է ՄԱԿ-ի համակարգի՝ վերահաս աղետների նկատմամբ կանխարգելման և արձագանքման բարելավումը: Ծրագրի նպատակն է նպաստել, որպեսզի ՄԱԿ-ի համակարգը և ողջ անձնակազմը ճանաչեն մարդու իրավունքների կենտրոնական դերը կազմակերպության ընդհանուր պատասխանատվության մեջ: Նախ և առաջ, դրա նպատակն է ուժեղացնել մեր արձագանքներն այնպիսի համատարած ոտնահարումների նկատմամբ և ավելին՝ հենվելով իրավունքահեն նախազգուշացումների և գործողությունների վրա կանխել նմանատիպ իրավիճակների ի հայտ գալն ընդհանրապես:

Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ, ցանկանում եմ կոչ անել պետություններին կատարել Վիեննայի խորհրդաժողովի ժամանակ իրենց տված խոստումները: Ես վերահաստատում եմ, որ ՄԱԿ-ի Քարտուղարությունը, Հիմնադրամներն ու Ծրագրերը պարտավոր են զգոնություն ու քաջություն ցուցաբերել մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Վերջապես, խոնարհվում եմ  մարդու իրավունքների մերօրյա կարկառուն խորհրդանիշներից մեկի՝ Նելսոն Մանդելայի առջև, ում մահը սգի մատնեց ողջ աշխարհը: Նրա ցմահ հանձնառությունը մարդկային արժանապատվության, հավասարության, արդարության և կարեկցանքի նկատմամբ  հավերժ կոգեշնչեն մեզ այնպիսի աշխարհ կառուցելու ճանապարհին, որտեղ բոլոր մարդու իրավունքները բոլորի համար են:

Նախորդ հոդվածը‘Համաներմամբ ազատ արձակվածների ընդհանուր թիվը. Ցանկ’
Հաջորդ հոդվածը‘Իրավունքի երթի մասնակիցների ուղերձը Հայաստանի ժողովրդին եւ միջազգային հանրությանը’