ՄԱԿ գլխավոր քարտուղար․ «Մարդկությունն իր գերեզմանն է փորում»

639

Գլազգոյում կլիմայական գագաթնաժողովի ամբիոնից բարձրագոչ ճառեր են հնչում․ աշխարհի առաջնորդները հայտարարություններ են անում մոլորակի ապագան փրկելու ուղղությամբ վճռական գործողությունների անցնելու վերաբերյալ։

Բացելով գագաթնաժողովը՝ համաժողովի «տանտերը»՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հանդիպման մասնակիցներին կոչ է արել խոսքից անցնել համաձայնեցված իրական գործողությունների՝ ածխի, տրանսպորտի և ֆինանսական միջոցների վերաբերյալ։ Իսկ Ուելսի արքայազն Չարլզն առաջարկել է մոբիլիզացնել ուժերը «ռազմական ժամանակների ոգով»։

«200 տարվա ընթացքում զարգացած արդյունաբերական երկրները լրիվ անտեսել են այն խնդիրը, որն իրենք էլ ստեղծել են։ Այսօր մենք պետք է գտնենք այդ փողը․ հարյուր միլիարդ դոլարը, որ խոստացվել է Փարիզում մինչև 2020 թվականը, և որոնք չեն հատկացվի մինչև 2023 թվականը»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը հայտարարել է, որ «մարդկությունն իր գերեզմանն է փորում»՝ արհամարհելով կլիմայական խնդիրները։

 «Նույնիսկ լավատեսական սցենարի դեպքում ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանից ավելի՝ ըստ Ցելսիուսի։ Եվ այս պահին, երբ մենք հույսով լեցուն բացում ենք կլիմայական համաժողովը, մենք շարունակում ենք մեր ընթացքը դեպի աղետը։ Երիտասարդությունը գիտի այդ մասին։ Յուրաքանչյուր երկիր կարող է դա տեսնել։ Փոքր կղզի-պետություններն արդեն բախվել են դրան։ Նրանց համար ձախողումը տարբերակ չէ, ձախողումը մահվան դատավճիռ է»,- ընդգծել է նա։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԹալիբներին դիմակայող Ազգային դիմադրության ճակատը Ռուսաստանի օգնության հույսն ունի
Հաջորդ հոդվածըՓարիզ․ Կայարանի անվտանգության աշխատակիցները վնասազերծել են զինված տղամարդու