ՄԱԿ-ը Աֆղանստանում մարդասիրական օգնության երկու ծրագիր է գործարկում

52

ՄԱԿ-ը Աֆղանստանի բնակիչների և հարևան երկրներ տեղափոխված աֆղանացիների համար հումանիտար օգնության երկու ծրագիր է գործարկում և համաշխարհային հանրությանը կոչ է անում այդ նպատակով շտապ կարգով 5 միլիարդ դոլար հատկացնել։

Կազմակերպության գնահատականներով՝ այսօր ամենաանհրաժեշտ բաների կարիք ունի 22 միլիոն մարդ, այսինքն՝ երկրի բնակչության կեսից ավելին, և հինգուկես միլիոնից ավելի աֆղանացիներ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։

Առանց աջակցության՝ «տասնյակ հազարավոր երեխաներ» կարող են մահանալ թերսնման, ցրտի և հիվանդությունների պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։

«Երեխաների երկու երրորդը հուսահատության աստիճան մարդասիրական օգնության կարիք ունի, դա մեկ երրորդով ավելի է, քան անցյալ տարեսկզբին․․․ Մեր շարժական բուժկետերում հերթերն աստիճանաբար մեծանում են, ավելի ու ավելի շատ մարդիկ են տառապում թերսնումից և թոքաբորբից»,- ասել է Save the children հումանիտար գործողությունների գծով տնօրեն Ֆիոնա ՄաքՇիհին։

ՄԱԿ-ում համոզված են, որ Աֆղանստանում լայնածավալ մարդասիրական աղետ է սպառնում, իսկ ձյունառատ ու ցուրտ ձմեռն ավելի է վատթարացնում վիճակը։

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը ողջունել է ՄԱԿ-ի նախաձեռնությունը։ Իշխանության ներկայացուցիչները հաստատել են, որ բնակչության 90 %-ն ապրում է «աղքատության գծից անդին»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԶինվոր է զոհվել
Հաջորդ հոդվածըՎարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնից