ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրկը Աֆղանստանում վերահսկողություն հաստատած «Թալիբան» շարժմանը կոչ է արել չեղարկել այն բոլոր կարգադրությունները, որոնք ոտնահարում են կանանց իրավունքները, այդ թվում՝ ՀԿ-ներում աշխատելու արգելքը։
«Ոչ մի երկիր չի կարող սոցիալական և տնտեսական զարգացում ու նույնիսկ գոյություն ունենալ՝ առանց իր բնակչության կեսի։ Կանանց և աղջիկների նկատմամբ աներևակայելի սահմանափակումները ոչ միայն նոր տառապանքներ կբերեն բոլոր աֆղանցիներին, այլև կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ Աֆղանստանի սահմաններից դուրս»,- ասել է Թյուրկը, որի խոսքը մեջբերում է ՄԱԿ-ի կայքը։
Դեկտեմբերի 24-ին թալիբները հրաման են արձակել, որն արգելում է կանանց աշխատել ոչ կառավարական կազմակերպություններում։ Դրանից առաջ էլ թալիբները կանանց արգելել էին սովորել Աֆղանստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Փոխանցում է Interfax-ը։