‘
Արտակարգ դրության ռեժիմը, որ Թուքրիայում մտցվել է պետական հեղաշրջման ձախողված փորձից հետո և բազմիցս երկարացվել է, հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց իրավունքների «լրջագույն» խախտումների, նշված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն կոմիսարիատի 29 էջանոց զեկույցում, որը երեքշաբթի ներկայացվել է Ժնևում:
«Առնվազն 160 հազար մարդ է ձերբակալվել այն մեկուկես տարվա ընթացքում, ինչ ձգվում է արտակարգ դրությունը,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչը,- 152 հազար պետծառայողներ զրկվել են իրենց պաշտոններից, ընդ որում՝ շատերը՝ առանց բավարար հիմքերի: Ուսուցիչները, դատավորներն ու իրավաբանները հեռացվել են կամ դատական հետապնդման զոհ դարձել, լրագրողները ձերբակալվել են, ԶԼՄ-ներ են փակվել, կայքեր են արգելափակվել»:
Թուրքական իշխանությունների կողմից մարդու իրավունքների առավել ակնառու խախտումներին անդրադառնալով՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ «դրանք երկիրն ավելի անվտանգ չեն դարձնում»:
«Անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, թե թուրքական իշխանությունները ձերբակալել են մոտավորապես 100 կանանց, որոնք հղի են եղել կամ նոր են ծննդաբերել, գլխավորապես՝ այն հիմնավորմամբ, որ նրանք եղել են իրենց ամուսինների «հանցակիցները»: Նրանցից ոմանք ձերբակալվել են իրենց երեխաների հետ, ոմանց դաժանաբար բաժանել են երեխաներից»…
Զեկույցում նաև փաստերով արձանագրված են ազատազրկման վայրերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի փաստեր, այդ թվում՝ սեռական բռնության, էլեկտական հոսանքով և ջրախեղդ անելու վերաբերյալ:
Ի պատասխան ՄԱԿ-ի՝ արտակարգ դրությանը վերջ դնելու և պետական հիմնարկների նորմալ աշխատանքը վերականգնելու կոչին՝ պաշտոնական Անկարան հերքել է մեղադրանքները և զեկույցն անվանել «անընդունելի», «խեղաթյուրված, կանխակալ և սխալ» տեղեկություններ պարունակող:
Փոխանցում է euronews-ը:
‘