‘ՄԱԿ-ը սիրիացի փախստականների թվի եռապատկում է կանխատեսում’

741

2013 թվականի ավարտին սիրիացի փախստականների թիվը կեռապատկվի՝ հասնելով երեք միլիոնի: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նման կանխատեսում է արել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը:

«Եթե կոնֆլիկտի էսկալացիան շարունակվի ու խնդրի լուծման համար ոչինչ չարվի, ապա տարվա վերջին փախստականների թիվը կկրկնապատկվի կամ կեռապատկվի»,- այսօր Անկարայում հայտարարել է Գուտերեշը:

Մարտի 6-ին նա հայտնել էր, որ գրանցված փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի, իսկ 2013-ի սկզբից փախստականների հոսքն էլ ավելի է ուժեղացել. միայն վերջին երեք ամսվա ընթացքում Սիրիան լքել է 420 հազար մարդ:

Փախստականների մեծ մասը ապաստան է գտել Լիբանանում՝ 330 հազար մարդ: 10 հազարով պակաս մարդ տեղափոխվել է Հորդանան: Սիրիացի փախստականներին ընդունել են նաև Թուրքիան, Իրաքը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկայի երկրները: Փախստականներին իրենց երկրում ընդունած պետություններին միջոցներ ու ռեսուրսներ չեն բավարարում փախստականներին տեղավորելու համար:

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջև զինված ընդհարումները սկսվել են երկու տարի առաջ: 2012 թվականի ամռանը այն վերածվել է քաղաքացիական պատերամզի:

Նախորդ հոդվածը‘Կարզայը հայտարարել է ԱՄՆ-ի և թալիբների միջև բանակցությունների վերսկսման մասին’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի փախստականների թիվը մինչեւ տարեվերջ կարող է եռապատկվել’