‘ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն բանաձև է ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ’

1021

Չորեքշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որը, կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքով՝ նախատեսում է համաշխարհային հակաահաբեկչական ռազմավարության իրականացում:  Փաստաթղթին կողմ են քվեարկել խորհրդի բոլոր անդամ պետությունները:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որը վարել է նիստը, ընդգծել է, որ այդ ոլորտում միջազգային համագործակցության անքակտելի մասը պետք է լինի մարդու իրավունքների ապահովումը, միևնույն ժամանակ  կոչ է արել, ինչպես և դրանից մի քանի ժամ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից էր կոչ արել՝ վճռականորեն պայքարել «Իսլամական պետության» դեմ:

«Միակ լեզուն, որ հասկանում են այդպիսի մարդասպանները՝ ուժի լեզուն է: Դրա համար էլ ԱՄՆ-ը կպայքարի լայն դաշինքով, որպեսզի ոչնչացնի այդ «մահվան ցանցը»: Մենք միայնակ չենք գործում: Այսօր աշխարհին կոչ եմ անում միանալ այդ ջանքերին: Եկել է ժամանակը, հատկապես՝ մուսուլման հասարակության համար, աներկբա, եռանդագին և հետևողականորեն մերժելու այնպիսի կազմակերպությունների գաղափարախոսությունը, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը»»,- ասել է Օբաման:

Ընդունված բանաձևում Անվտանգության խորհուրդը դատապարտում է բռնի ծայրահեղականությունը և պահանջում, որ «բոլոր արտասահմանցի գրոհային-ահաբեկիչները ցած դնեն զենքը, դադարեցնեն ահաբեկչական գործողությունները և մասնակցությունը զինված հակամարտություններին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը դարձել է «Այլընտրանքային Նոբելյան» մրցանակակիր’
Հաջորդ հոդվածը‘Օլանդ. Մեր պատասխանն ահաբեկիչներին պետք է համընդհանուր լինի’