ՄԱԿ-ի ԳԱ-ն Ուկրաինայի հարցով հակառուսաստանյան բանաձև է ընդունել

404

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրը, Ուկրաինայում  Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մեկամյակի առթիվ հրավիրված հատուկ նստաշրջանում, հակառուսաստանյան բանաձև է ընդունել՝ Ռուսաստանին կոչ անելով դուրս բերել զորքերն Ուկրաինայից և դադարեցնել պատերազմը։

«Դա ՄԱԿ-ի օրենսդրության և միջազգային իրավունքի խախտում է,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը՝ պնդելով, որ հակամարտության թեժացումը ակնհայտ և իրական վտանգ է ներկայացնում, իսկ պատերազմը սրում է տարածաշրջանի անկայունությունն ու տարաձայնությունները՝ ուշադրությունը և միջոցները շեղելով այլ կենսական խնդիրներից։- Ժամանակն է ետ քաշվելու անդունդի եզրից»։

Փաստաթղթի օգտին քվեարկել է ՄԱԿ-ի 193 երկրներից 141-ը, այսինքն՝ գրեթե երեք քառորդը (73 %),  յոթը դեմ է քվեարկել, ևս 32 երկիր ձեռնպահ է մնացել։

Բանաձևին դեմ կամ «Ռուսաստանին կողմ» է այս անգամ քվեարկել, բացի հենց Ռուսաստանից՝ վեց երկիր՝նախորդ երկու բանաձևերի քվեարկության ձայներից քիչ ավելի։ Բանն այն է, որ անցյալ տարի Ռուսաստանի դաշնակիցների ցանկում, բացի անփոփոխ Բելառուսից, Սիրիայից և Հյուսիսային Կորեայից, հերթով հանդես էին գալիս Էրիթրեան և Նիկարագուան, որոնք այս անգամ միասին են «դեմ» քվեարկել բանաձևին։ Բացի այդ՝ դաշնակիցների շարքն է անցել նաև Մալին, որտեղ տեղական խունտայի կողմում կռվում է նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը։

ԵԱՏՄ-ում  Ռուսաստանի հետ միասին ընդգրկված երկրներից՝ Ղազախստանը, Հայաստանը  և Ղրղզստանը, ինչպես նաև Տաջիկստանը, նախորդ անգամների պես ձեռնպահ են քվեարկել։

13 երկիր պարզապես չի քվեարկել, այդ թվում՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը և Վենեսուելան։

Բանաձևի օգտին քվեարկած երկրների թվում է նաև Սերբիան, որն ավանդաբար համարվում է Ռուսաստանի հետ բարեկամական երկիր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻնդոնեզիայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Հաջորդ հոդվածըՉինաստանը հրապարակել է առաջարկներ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ