‘
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռ խոցելու փաստով և կոչ է անում թույլ չտալ լարվածության հետագա աճ: Այս մասին Նյու Յորքում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը, հաղորդում է news.am-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց միջազգային գործընկերների լուրջ անհանգստությունը՝ կապված նոյեմբերի 12-ին շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու, այդ թվում գործողությունների հետ, որը հանգեցրել է ռազմական ուղղաթիռի կործանման և անձնակազմի շարքում զոհերի»,-հայտարարել է մամուլի քարտուղարը:
ՄԱԿ-ի ղեկավարը դիմել է հակամարտող կողմերին՝ կոչ անելով հետևել հրադադարի համաձայնագրին: Բան Կի-Մունը խորհուրդ է տվել նրանց ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա լարման, կատարել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու իրենց խոստումները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս մեկ անգամ ամբողջական աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին և երեք համանախագահներին, որոնք օգնում են կողմերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:
‘