‘
ՄԱԿը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպով, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ֆարհան Հաքը:
«Գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մտահոգությունը նոյեմբերի 12-ին հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ: Խոսքն այդ թվում խոցված ուղղաթիռի մասին է, որի հետևանքով մարդիկ են զոհվել»,-ասել է նա:
Գլխավոր քարտուղարը կոչ է արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրացմանը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնել ենք, նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:
‘