‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը կանանց միջազգային օրվա կապակցությամբ ‘

734

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ.

«Կանանց միջազգային օրվան ընդառաջ մենք ընդգծում ենք կանանց և աղջիկների համար իրավունքների ու հնարավորությունների հավասարության հասնելու կարևորությունը ոչ սոսկ այն պատճառով, որ դա արդարության և մարդու հիմնարար իրավունքների հարց է, այլ քանի որ դրանից է կախված առաջընթացը բազմաթիվ այլ ոլորտներում:
Գենդերային հավասարության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներում տնտեսական աճն ավելի մեծ է: Ավելի մեծ հաջողություն ունեն այն ընկերությունները, որոնց ղեկավարների թվում կանայք ավելի շատ են: Կանանց ներառող խաղաղության համաձայնագրերն ավելի հաստատուն են: Ավելի մեծաթիվ կին անդամներ ունեցող խորհրդարաններն ավելի շատ օրենքներ են ընդունում առանցքային սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են առողջապահությունը, հակա-խտրականությունը եւ երեխաների աջակցությունը: 
Իրականությունը հստակ է. կանանց համար իրավունքների եւ հնարավորությունների հավասարություն՝ նշանակում է առաջընթաց բոլորի համար: 
Այս պարզ ճշմարտությունը պետք է առանցքային լինի, քանի որ մենք ձգտում ենք մինչև հաջորդ տարվա վերջնաժամկետը խթանել առաջընթացը Հազարամյակի զարգացման նպատակների հարցում և օրակարգ կազմել 2015 թվականից հետո եկող տարիների համար:
Կարևոր ձեռքբերումներ կան աղջիկների համար տարրական կրթության մատչելիության եւ քաղաքական համակարգում կանանց ներկայացվածության ոլորտներում: Բայց առաջընթացը շարունակում է մնալ դանդաղ և անհամաչափ:
Այսօր ծնված աղջիկ երեխան դեռ կհանդիպի անհավասարության և խտրականության՝ անկախ այն բանից, թե որտեղ է բնակվում նրա մայրը: Մենք ընդհանուր պարտականություն ունենք՝ ապահովելու նրա իրավունքները. ապրել զերծ բռնությունից, որին ենթակա է աշխարհում ամեն երեք կնոջից մեկը, հավասար աշխատանքի համար ստանալ հավասար վարձատրություն, զերծ լինել խտրականությունից, որը խոչընդոտում է նրա մասնակցությունը տնտեսության մեջ, հավասար ազդեցություն ունենալ իր կյանքի վրա ներգործություն ունեցող որոշումների կայացման հարցում և որոշել՝ ունենա՞լ երեխա, թե ոչ, ե՞րբ ունենալ եւ քանիսը:
Ես ուղերձ ունեմ այսօր ծնված յուրաքանչյուր աղջկան և մեր մոլորակի բոլոր կանանց ու աղջիկներին: Մարդու իրավունքների և հավասարության իրականացումը երազանք չէ, այլ կառավարությունների, Միավորված ազգերի կազմակերպության ու յուրաքանչյուր մարդու պարտականությունը:
Ուղերձ ունեմ նաև իմ գործընկեր տղամարդկանց և տղաներին. կատարեք ձեր դերը: Մեզնից յուրաքանչյուրը շահում է, երբ կանայք և աղջիկները՝ ձեր մայրերը, քույրերը, ընկերները և գործընկերները, ունեն իրենց ողջ ներուժն իրացնելու հնարավորություն:
Եկեք միասին աշխատենք հանուն կանանց իրավունքների, իրավազորման և գենդերային հավասարության, քանի որ ձգտում ենք վերացնել աղքատությունը և խթանել կայուն զարգացումը: Կանանց համար իրավունքների եւ հնարավորությունների հավասարությունը առաջընթաց է բոլորի՛ համար:»  

Նախորդ հոդվածը‘Սահմանն անցած երիտասարդը վերադարձված գերի Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է. Panorama ‘
Հաջորդ հոդվածը‘«Դեմ եմ» ակցիայի մասնակիցներին քաշքշելով բերման էին ենթարկել որպես «ականատես» (տեսանյութ)’