‘
ՄԱԿ-ում iLur.am-ի թղթակից Աննա Նազլոյանն այսուհետեւ պարբերաբար նյութեր կներկայացնի կազմակերպության պաշտոնյաների հետ ճեպազրույցների ժամանակ բարձրացված հարցերի մասին:
Ամիսներ առաջ պարզ դարձավ, որ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահները սարսափելի հանցագործություն են գործել՝ նրանք մասնակցել են 9-12 տարեկան երեխաների՝ հիմնականում տղաների բռնաբարությանը: Այս մասին զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի պաշտոնյա Անդերս Կոլպասը: Սակայն ՄԱԿ-ը, այս հարցում հետեւողական լինելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու փոխարեն, Կոլպասին ազատել է աշխատանքից եւ փորձել է կոծկել կատարված հանցագործությունը: Ինն ամսվա ընթացքում սարսափելի հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:
Անդերս Կոլպասը դիմել է Ֆրանսիայի Հանրապետությանը, որովհետեւ հանցանք կատարած խաղաղապահները հիմնականում ֆրանսիացիներ են եղել:
Ֆրանսիան, ի տարբերություն ՄԱԿ-ի, ավելի լուրջ է մոտեցել խնդրին եւ հետաքննող հանձնախումբ է ուղարկել Կենտրոնական Աֆրիկա: ՄԱԿ-ը դրանից հետո ստիպված ընդունել է իր սխալը եւ հավաստիացրել, որ կզբաղվի այս հարցով:
iLur.am-ի թղթակիցը ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ հարցրել է՝ դեռ որքա՞ն պետք է տեւի հետաքննությունը, եւ արդյո՞ք այս ձգձգումը նոր հանցագործությունների պատճառ չի կարող դառնալ:
Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Զեյդ ալ Հուսեյնն ի պատասխան նշել է, որ ընդունում է քննադատութունը եւ որ կարելի էր ամեն ինչ ավելի լավ կերպով անել:
«Միեւնույն ժամանակ, Անդերս Կոլպասին աշխատանքից հեռացնելու որոշումը ճանաչվել է անօրինական, եւ միջազգային տրիբունալը վճռել է, որ նա պետք է վերադառնա իր աշխատանքին: Սա սարսափելի նախադեպ է, եւ առաջին անգամը չէ, որ ՄԱԿ-ի խաղաղապահները մեղադրվում են տարատեսակն հանցանքների մեջ եւ պատշաճ պատասխանատվության չեն ենթարկվում»,- տեղեկացնում է Աննա Նազլոյանը:
‘