‘
Երիտասարդության համաշխարհային օրն այս տարի ողջ աշխարհում անցնում է «Երիտասարդների միգրացիա. առաջ մղելով զարգացումը» կարգախոսի ներքո: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ)հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՄԱԿ փախստականների հարցերով գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը անդրադարձան Հայաստանում և, ընդհանրապես, աշխարհում երիտասարդների միգրացիային, ինչպես նաև փախստական երիտասարդներին առնչվող խնդիրներին:
Ըստ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալների` աշխարհում կա 15-ից 24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մոտ մեկ ութերորդը: Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն` հարցված երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36.8 տոկոսը՝ կմեկներ ընդմիշտ:
«Նույնիսկ մեկ փախստական երիտասարդը շատ է, և անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հասարակությունում նրանց հնարավորինս ինտեգրելու համար: Այդտեղ շատ մեծ է մեր տեղացի երիտասարդների դերը, բայց նաև փախստական երիտասարդների ակտիվ գործունեությունն այս հարցում էլ ավելի մեծ արդյունքներ կբերի», — Panarmenian.net-ի փոխանցմամբ, ասաց ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության համակարգող Անահիտ Հայրապետյանը:
‘