‘
Սիրիայի հակամարտության ընթացքում կատարված հանցագործությունների և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ փաստերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հանձնի Հաագայի միջազգային քրեական դատարանի քննությանը, երեկ հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպան Նավանեթհեմ Փիլեյը:
Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման հետաքննությամբ զբաղվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի ձևավորած հատուկ հանձնախումբը, որի պատրաստած զեկույցներում հաստատվում են մարդու իրավունքների խախտման և մարդկության դեմ հանցագործությունների փաստերը թե՛ Սիրիայի կառավարական զորքերի և թե՛ զինված ընդդիմության կողմից: ՄԱԿ-ի փորձագետները, մասնավորապես, փաստեր ունեն զանգվածային մահապատիժների, առևանգումների, բռնաբարությունների, երեխաների զինվորական հավաքագրման և այլ իրավախախտումների վերաբերյալ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘