‘ՄԱԿ-ն Անկարային կոչ է անում հետաքննել քրդերի գնդակահարությունը Ջիզրայում’

1032

ՄԱԿ-ը Անկարայից պահանջել է հետաքննել թուրք զինվորականների կողմից անզեն մարդկանց գնդակահարությունը, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում տասն օր առաջ: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Գերատեսչության ղեկավարը՝ Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը, մասնավորապես, Անկարային նաև կոչ է արել հարգել խոսքի և կարծիքների ազատությունը՝ նշելով, որ արդեն իսկ ճաղերի ետևում գտնվող կամ դատավարության սպասող լրագրողների ու ԶԼՄ այլ աշխատակիցների թվի աճը տագնապի տեղիք է տալիս:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում մի քանի կարճ տեսագրություն էր հայտնվել, որոնց հեղինակների պնդմամբ՝ դրանցում երևում է, թե ինչպես են թուրք զինվորականները գնդակոծում քրդերի թաղման թափորը Ջիզրա քաղաքում: Վարկածներից մեկի համաձայն՝ թափորում, հնարավոր է,  Անկարայի կողմից օրենքից դուրս հայտարարված քրդական զինված կազմավորումների անդամներ են եղել: Սակայն տեսագրություններում երևում է, որ թաղման արարողության բոլոր մասնակիցներն անզեն են:

ՄԱԿ-ն այդ կադրերն անվանել է «ցնցող» ու նաև «լուրջ մտահոգություն» է արտահայտել  այն լուրերի առիթով, թե տեսաերիզները նկարահանած օպերատոր Ռեֆիկ Թեքինին, որը նաև նկարահանման ընթացքում վիրավորվել է, կարող են ձերբակալել: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Նել Գվինը. սրտի կտոր էր այս նարնջե աղջիկը ‘
Հաջորդ հոդվածը‘Գնում են կոալիցիա, որ ի՞նչ անեն’