Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը դժվարանում է կանխատեսել, թե որքան փախստականներ Լեռնային Ղարաբաղից կժամանեն Հայաստան։
Այդ մասին Ժնևում կայացած ճեպազրույցում Երևանից տեսակապով հաղորդել է Հայաստանում փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին։
Վերջինս նշել է, որ Հայաստանի իշխանությունների տվյալների համաձայն՝ ուրբաթ առավոտվա դրությամբ երկիր է ժամանել Լեռնային Ղարաբաղի 88,7 հազար բնակիչ։
«Շատ դժվար է ասել, թե դեռ ինչքան կգան»,- նշել է Բելանին՝ պարզաբանելով, որ «իրավիճակը շատ արագ է փոփոխվում»։ ՄԱԿ-ը և ընդհանրապես Հայաստանում աշխատող մարդասիրական հանրությունը իրենց օգնության պլաններում ելնում էին նրանից, որ ընդամենը 70-ից 90 հազար մարդ կգա։ «Ներկա պահին մենք գործ ունենք ավելի քան 80 հազարի հետ։ Որոշակիորեն՝ նախատեսված օգնության ծավալները հարկավոր է վերանայել։ Բայց մենք պատրաստ ենք հաղթահարել 100-120 հազարի հոսքը»,- եզրափակել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։