‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը բարձրացրել է Ադրբեջանի ագրեսիայի եւ Իրաքի եզդիների հարցը’

1046

Օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ «Հակամարտությունների կանխարգելում. միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլայը, ինչպես նաև շուրջ վեց տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ, տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Նիստին երլույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը խորապես հետաքրքրված է կանխարգելման արդյունավետ մեխանիզմի հաստատման խնդրով` լինի դա միջազգային կամ տարածաշրջանային մակարդակներով: Կանխարգելումը անհրաժեշտ է ոչ միայն հնարավոր հակամարտության ծագման, այլև իր վերջնական կարգավորումը չստացած հակամարտությունների դեպքում: Խոսքը վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի հարցին, որի բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործման դեմ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի կանոնադրությունը:  Վերջին շաբաթների ընթացքում աշխարհն ականատես եղավ ԼՂ ու Ադրբեջանի միջև շփման գծի և հայաստանա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով զինադադարի ռեժիմի բազմակի խախտումների և ադրբեջանական զինուժի կողմից սադրիչ-դիվերսիոն գործողությունների կտրուկ աճին, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», — նշեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը: 

Զոհրաբ Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների կողմից Իրաքի էթնիկ փոքրամասնություններից մեկի` եզդիների զանգվածային սպանությունների հիմնախնդրի վրա: Նա նշեց, որ հարյուր հազարավոր մարդիկ` այդ թվում, եզդիներ, ասորիներ և հայեր ծայրահեղականների գործողությունների հետևանքով ստիպված են լքել իրենց բնակավայրերը` տեղեկացնելով, որ Հայաստանը որոշում է կայացրել` ՄԱԿ-ի միջոցով օգնություն առաքել եզդի համայնքին:

«Մենք ականատես ենք լինում սոսկալի մի իրավիճակի, որը պետք է կարգավորվի զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված համատեղ ջանքերով: Միջազգային հանրությունը պետք է գործի անհապաղ, և այն պետք է իրականացվի ՄԱԿ-ի կառույցների անմիջական ներգրավմամբ: Այս համատեքստում գլխավոր քարտուղարի Ցեղասպանության հարցով հատուկ խորհրդականի դերն անգնահատելի է: Հայաստանը կոչ է անում Անվտանգության խորհրդին անհապաղ արձագանքել եզդի ազգաբնակչության ողբերգական իրավիճակին», — եզրափակեց իր խոսքը ՀՀ դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը ԳԷԿ կառուցելու պայմանագիր կնքեց օֆշորային ընկերության հետ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Պետության ամրության գրավականը Գալուստի ջիպն է’