‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը դեռ չեն սպիացել ‘

601

Դեռեւս չեն սպիացել Արցախի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ, որ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ: Ըստ «Արմենպրես»-ի, Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետով ունեցած ելույթում նշել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

 

Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները:

Կարեն Նազարյանի ելույթի առանցքային թեման է եղել մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ինչը հակասում է ոչ միայն միջազգային իրավունքի մարդասիրական նպատակներին, այլեւ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին: Դեսպան Նազարյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է՝ էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն, ինչը հետևանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության եւ ռասիստական քաղաքականության: Նա ավելացրել է նաեւ, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է «հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը եւ դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացը տարածաշրջանում: Դեսպան Նազարյանը կոչ  է արել ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը շարունակել բարձրաձայնել բողոքի ձայներն ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում է նաեւ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

 

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունը» ողջունում է Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ Գերմանացի հրեաները պահանջում եմ դադարեցնել «Մայն Քամփֆ»-ի տպագրությունը ‘