‘ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակությունը չի ցանկացել լսել Սաակաշվիլիի ելույթը’

1113

Ռուսաստանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դահլիճը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթի ժամանակ: Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի մեկնաբանությամբ՝ դա արվել է «ի նշան անհամաձայնության՝ այն գնահատականներին, որ պարոն Սաակաշվիլին հնչեցրել է Գլխավոր ասամբլեայի ամբիոնից»:

Իր ելույթում Վրաստանի նախագահը կոշտ քննադատության է ենթարկել Ռուսաստանի իշխանություններին և նրանց վարած արտաքին քաղաքականությունը: Մասնավորապես՝ նա ասել է, որ ի տարբերություն երկրների մեծ մասի՝ Ռուսաստանը շահագրգռված չէ իր հարևանների կայունության հարցում և մերժում է Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում ուժեղ կառավարության գաղափարն անգամ: Մոսկվան, Սաակաշվիլիի խոսքերով, հասկանում է, որ եթե իշխանության գան ուժեղ կառավարություններ, այդ պետություններն անկախություն ձեռք կբերեն և կձգտեն մերձենալ Եվրոպային: Սաակաշվիլին նաև կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն օկուպացրել է Աբխազիան և Հարավային Օսիան, ինչպես նաև քննադատել է Վլադիմիր Պուտինի առաջ քաշած՝ Եվրասիական միության գաղափարը, որը «կոչված է վերականգնելու խորհրդային կայսրությունը»: «Որոշ ժամանակ անց Վլադիմիր Պուտինը կհեռանա Կրեմլից, կանհետանա Ռուսաստանի քաղաքական դաշտից: Ռուսաստանի քաղաքացիները նրան կհիշեն որպես հին ժամանակների ուրվական՝ կոռուպցիայի և հալածանքների ժամանակների»,- ասել է Վրաստանի նախագահը: Ի պատասխան՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Սաակաշվիլիի ելույթն անվանել է «զառանցանքների կույտ»,- փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Վալերի Կարպին. Օզբիլիսը չէր հիշում՝ ինչպես է հավաքականում երկու խաղ անցկացրել’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’