‘
ՄԱԿ-ում «միանշանակ և օբյեկտիվորեն» հաստատել են, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել: Կազմակերպության փորձագետների զեկույցում ասվում է, որ զարին գազ է կիրառվել անցյալ ամիս Դամասկոսի շրջաններից մեկում գրոհի ժամանակ: Սակայն տվյալներ չեն հաղորդվում, թե հակամարտության կողմերից որն է կիրառել գազը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դա անվանել է «ռազմական հանցագործություն»:
Ավելի վաղ ՄԱԿ-ի տեսուչները հաղորդել էին, որ իրենց հետազոտության առարկա են դարձել 14 ենթադրյալ քիմիական գրոհներ, որոնք Սիրիայում տեղի են ունեցել սեպտեմբեր ամսին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեսուչների զեկույցը ներկայացրել է Անվտանգության խորհրդին, ապա ելույթ է ունեցել լրագրողների առջև: Նա խոստովանել է, որ զեկույցը ներկայացրել է «ծանր սրտով»: «Հանձնաժողովը եզրակացրել է, որ բավական մեծ քանակով քիմիական զենք է կիրառվել Դամասկոսի Գուտա շրջանում: Այդ գրոհի հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել, հիմնականում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու հավելել, որ քննության համար վերցված արյան նմուշների 85 %-ի դեպքում զարինի ցուցանիշը դրական է եղել: ՄԱԿ-ի տեսուչների խնդիրը չէր՝ եզրակացություն տալ, թե ով է մեղավոր քիմիական գրոհների համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘