‘ՄԱԿ. սիրիացի փախստականների թիվն անցել է 2 միլիոնից’

802

Ավելի քան երկու միլիոն սիրիացիներ լքել են երկիրը և փախստական դարձել, ընդ որում՝ նրանց թիվը կես միլիոնով ավելացել է վերջին երեք ամիսների ընթացքում, հաղորդել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով  գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Ավելի քան 700 հազար սիրիացիներ փախել են հարևան Լիբանան: Այստեղ, մոտավոր հաշվարկներով՝ վեց տեղացիներին մեկ սիրիացի փախստական է «բաժին ընկնում»: Լիբանանից հետո՝ սիրիացի փախստականների թվով երկրորդ տեղում Հորդանանն է, երրորդում՝ Թուրքիան, չորրորդում՝ Իրաքը: ՄԱԿ-ի պաշտոնյաները ենթադրում են, որ այս տարեվերջին սիրիացի փախստականների թիվը կհասնի երեք միլիոնի: Եւս 4,25 միլիոն սիրիացիներ լքել են իրենց տները, սակայն գտնվում են սեփական երկրի տարածքում:

«Կանայք և երեխաները սահմանները հատում են՝ հաճախ միայն նրանով, ինչ կա հագներին»,- ասված է փախստականների հարցերով գրասենյակի հայտարարության մեջ: ՄԱԿ-ի գնահատականով՝ փախստականների գրեթե կեսը երեխաներ են, նրանց մոտավորապես 75%-ը ՝ 11 տարեկանից ցածր տարիքի: Սիրիացի փախստական երեխաներից ընդամենը 118 հազարը հնարավորություն ունի ինչ-որ կերպ շարունակելու կրթությունը: ՄԱԿ-ը տագնապ է հնչեցնում, որ սիրիացիների «կորած սերունդ» է աճում, որը չի կարող վերականգնել երկիրը քաղաքացիական պատերազմից հետո:

Ենթադրվում է, որ 2011 թ. մարտից Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 100 հազար մարդ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Պետրոս Ղազարյան. Ալեքսանյանը առանց վերևի դաբրոյի նման բան չէր անի’
Հաջորդ հոդվածը‘Համեցեք սեպտեմբերի 32-ին Գյումրի՝ բնակարանամուտի, կամ անունս փոխում եմ՝ դնեմ Գյուլչիթայ’