‘
Ամերիկացի 23-ամյա ուսանող Օտտո Ուորմբիրը, որը 15 ամիս բանտարկված էր Հյուսիսային Կորեայում, մահացել է ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները:
Ուորմբիրին ԱՄՆ էին հասցրել հունիսի 13-ին, նա կոմայի մեջ է եղել, ու նրան տեղափոխել են Ցինցինատի քաղաքի հիվանդանոց:
Օտտո Ուորմբիրի մահվան առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է «հյուսիսկորեական ռեժիմի դաժանությունը»: «Օտտոյի ճակատագիրը միայն ավելի է ամրացնում անմեղ մարդկանց նմանօրինակ ողբերգություններից զերծ պահելու՝ իմ վարչակազմի համոզմունքը: Մարդկանց, ովքեր օրենքի գերակայությունը և մարդու արժանապատվությունը չհարգող վարչակարգերի զոհն են»,- հայտարարել է Թրամփը:
Ուորմբիրը զբոսաշրջիկների խմբով Պեկինից ԿԺԴՀ էր եկել 2015 թ. դեկտեմբերին: Ուղևորության ավարտին նա ձերբակալվել էր, իսկ խմբի մյուս անդամներին թույլ էին տվել մեկնել երկրից: Երկու ամիս անց նա, պահակախմբի ուղեկցությամբ, հայտնվել էր հյուսիսկորեական հեռուստաօբյեկտիվների առջև ու պատմել, որ ձերբակալվել է հյուրանոցից քարոզչական ցուցապաստառ գողանալու փորձ անելիս: Բեմադրված մամլո ասուլիսում էլ նա հայտնել էր, որ դա արել է «ԱՄՆ իշխանությունների լուռ հավանությամբ»՝ կորեացի ժողովրդի աշխատանքային էթիկային վնաս հասցնելու նպատակով: Մարտ ամսին Փհենյանի դատարանը Ուորմբիրին մեղավոր էր ճանաչել պետական հանցագործության մեջ և դատապարտել էր 15 տարվա ազատազրկման:
15 ամիս անցկացնելով Հյուսիսային Կորեայի բանտում՝ Ուորմբիրը ԱՄՆ էր վերադարձել կոմայի մեջ: Ինչպես հայտարարել էին հյուսիսկորեական իշխանությունները՝ կալանավորն ազատ էր արձակվել «մարդասիրական նկատառումներով»:
Փոխանցում է BBC-ն:
‘