‘
Հայաստանի ազգային oլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը ցավով տեղեկացնում է, որ ծանր հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան մահացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը:
Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8–ին, Գյումրիում: Ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ,1964–ից, մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ և մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Նա շռնդալից հաղթանակներ է տոնել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: ԽՍՀՄ հավաքականում, 75 կգ քաշային կարգի առաջատարը, դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976 թ.), աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում և միջազգային պաշտոնական մրցաշարերում:
Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո (1980թ.). մեծանուն մարզիկը համալրել է հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը ու դարձել հմուտ ուսուցիչ: Նա շատերին է վարպետության դասեր տվել. մարզել է նաև եղբորորդուն` Իսրայել Միլիտոսյանին՝ նրան դարձնելով աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե (1988 թ.) և ոսկե (1992 թ.) դափնեկիր:
Երբեք չէր խոսում, չէր հիշատակում իր մեծ նվաճումների ու կատարած մարզական սխրանքների մասին, քանզի նա բարձր էր ու ցանկանում էր մշտապես բարձրացնել գործընկերներին; Ահա թե ինչու մարզադպրոցի աշխատակազմը չափազանց բարի, ազնիվ, աշխատասեր ու մարդամոտ Վարդան Միլիտոսյանին 1996 թ. ընտրեց տնօրեն:
Վերջին տասնամյակում, սոցիալ տնտեսական պայմաններից ելնելով, նա ստիպված եղավ այլ աշխատանքի անցնել: Բայց մեծանուն ծանրորդը անդավաճան մնաց իր մարզաձևին ու հոգով – սրտով նրա հետ էր մինչև կյանքի վերջը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ծանր կորուստի առթիվ վշտակցում է հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին, ընկերներին:
Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա, քանզի նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական ու համաշխարհային սպորտի պատմագրքում:
‘