‘
Ամենաշատ փնտրվող նացիստ հանցագործներից մեկը՝ Լադիսլաուս (Լասլո) Չիժիկ-Չատարին, կյանքի 100-րդ տարում մահացել է Բուդապեշտում՝ այդպես էլ չհասնելով դատավարության ավարտին: Այդ մասին այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով նրա փաստաբաններին:
Չատարին ձերբակալվել էր անցյալ տարի ամռանը Բուդապեշտում: Հունգարական դատարանը, հաշվի առնելով մեղադրյալի պատկառելի տարիքը, նրա համար որպես խափանման միջոց ընտրել էր տնային կալանքը: Բրատիսլավան, սակայն, պնդում էր, որ Չատարիի գործը քննվի Սլովակիայի դատարանում: Բրատիսլավայի ազգային հիշողության թանգարանի արխիվում հայտնաբերվել էր նացիստին մահապատժի դատապարտելու որոշումը, որը Չեխոսլովակիայի դատարանը հեռակա կարգով կայացրել էր 1948 թ. հունիսի 8-ին: Սակայն Չիժիկ- Չատարիին հաջողվել էր խույս տալ արդարադատությունից:
Չատարին մեղադրվում էր այն բանի համար, որ կատարում էր Կասսա (ներկայում՝ Կոշիցե, Սլովակիա) քաղաքի գետտոյի պարեկության գծով ոստիկանապետի պարտականությունները: Ենթադրվում է, որ նա կարող էր առնվազն 15,7 հազար հրեաների սպանության մասնակիցը լինել, մասնավորապես՝ նա կազմակերպել էր հրեաների տարհանումը Գերմանիա: Նացիստի դեմ դատական հայցը ներկայացրել էին զոհերի հարազատները, փոխանցում է РИА Новости-ն:
‘