Մայիսի 4-ի գիշերը Մինսկում 87 տարեկան հասակում մահացել է անկախ Բլառուսի առաջին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը։
Շուշկևիչը Բելովեժյան պայմանագրի հեղինակներից մեկն էր, ըստ որի վերացավ Խորհրդային Միությունը։
Երիտասարդ տարիքում Շուշկևիչը Մինսկում ռուսերեն է սովորեցրել Լի Հարվի Օսվալդին, որը հետագայում մեղադրվեց ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մեջ։ Ամերիկյան մեկ այլ նախագահի՝ Քլինթոնին, Շուշկևիչը, որպես երկրի ղեկավար՝ գերագույն խորհրդի նախագահ, Բելառուսում ընդունել է 1994 թ․ հունվարին, իսկ նույն թվականի ամռանը երկրի ղեկն իր ձեռքն է վերցրել արդեն Ալեքսանդր Լուկաշենկոն, որի քաղաքականությունը բնորոշելու համար Շուշկևիչը հայհոյանքներ չի խնայել։ Նա 1991 թ․ դեկտեմբերին Բելովեժյան թավուտում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Բորիս Ելցինի և Լեոնիդ Կրավչուկի հետ հանդիպման մասնակիցն է եղել, որտեղ որոշում է կայացվել ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։
2020 թ․՝ իր 86-ամյակից անմիջապես հետո, Ստանիսլավ Շուշկևիչը խիստ ինքնամեկուսացվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բանտախցում կորնավիրուսով էր վարակվել նրա որդին՝ Ստանիսլավ Շուշկևիչ-կրտսերը, որը տասնօրյա կալանքի էր ենթարկվել իշխանությունների հասցեին սոցցանցերում գրառումներ անելու համար։
Ալեքսանդր Լուկաշենկոն բազմից հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը աղետալի սխալ էր, իսկ Ստանիսլավ Շուշկևիչը մինչև կյանքի վերջը մնաց Բելառուսի առաջին նախագահ Լուկաշենկոյի ոչ թե քաղաքական ընդդիմախոսը, այլ անթաքույց թշնամին։
Փոխանցում է BBC-ն։