‘
Մահացել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, 2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելես քաղաքում 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24-ին` Երևանում: 1959 թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թ., երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:
Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի և վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են (2009 թ.) Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:
2012 թ. ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունը շուքով նշվեց և բացի այդ, բռնցքամարտի դպրոցը անվանակոչվեց հիմնադրի` Վլադիմիր Ենգիբարյանի անունով:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին` ժամը 14-ին, հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում:
‘