‘Մահացու ելքով դժբախտ պատահար Գյումրիում’

1317

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, դժբախտ պատահար էր տեղի ունեցել Գյումրու Երեւանյան խճուղում գտնվող  «Մեծ անիվ» խանութի մոտակայքում, 149/100 տնակի դիմաց, որտեղ այդ պահին «Շիրակ-ջրմուղկոյուղին» եւ «Դարոժնիկ» ՍՊԸ-ն համատեղ իրականացնում էին նոր ջրագծերի անցկացման աշխատանքներ: «Դարոժնիկ» ՍՊԸ-ի աշխատակից, Գյումրու բնակիչ 26-ամյա Լեռնիկ Հեքիմյանը տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի կովշով պատահաբար հարվածել է իր  հետ նույն վայրում աշխատող Երազգավորսի բնակիչ, 27-ամյա Վաղինակ Մեսրոպյանին: Կատարվածի հետեւանքով Վաղինակ Մեսրոպյանը տեղում մահացել է:

Տարածքում գտնվողներից մի քանիսը Asparez.am-ի հետ զրույցում նշել են, որ ականատես չեն եղել դեպքին, բայց գիտեն, որ, ամենայն հավանականությանբ, տեղի ունեցածը անփութության հետեւանք է: Այդ պահին, ջրագծերն անցկացնելուց հետո, սկսել են լցնել փոսերը, որն իրականացվել է փոքր տրակտորով: Տրակտորի վարորդը կովշով պատահաբար հարվածել է Վ.Մեսրոպյանի գլխին, ինչի արդյունքում գլուխն ամբողջությամբ ճզմվել էր: Տարածքում անց ու դարձ անող մարդիկ միմյանց փոխանակում էին նաեւ վարկածներ, թե բացի կովշով հարվածից, տղայի գլուխը մնացել է նաեւ տրակտորի անիվների տակ:

149/100 տնակի բնակիչը կայքի հետ զրույցում նշել է, թե ինքը ոչինչ չի տեսել, այդ պահին ինքն իր տնակից քիչ հեռու է եղել, եւ երբ լսել է տրակտորի վարորդի բղավոցը, անմիջապես շտապել է ու տեսել մյուս տղային գետնին ընկած:

Վաղինակ Մեսրոպյանը բնակվում էր Երազգավորս գյուղում, սոցիալապես ծանր պայմաններում, 2-3 ամիս է, ինչ ամեն օր նա գալիս էր Գյումրի՝ աշխատելու, նշել է Երազգավորսի համայնքապետ Արտաշես Մխիթարյանն ու ավելացրեց, որ սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ Վաղինակի կրտսեր եղբայրն էլ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:

-Մի քանի ամիս առաջ էր ամուսնացել եւ սպասում էր իր առաջնեկին՝ տղա էր ունենալու, որին երբեք չի տեսնի,-այնուհետ ավելացրեց համայնքապետը:

Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Նահապետյանի փոխանցմամբ, Գյումրի քաղաքի բնակիչ Լեռնիկ Հեքիմյանը աշխատելով «Դարոժնիկ» ՍՊԸ-ում՝ որպես մեխանիզատոր, վարել այդ ընկերությանը պատկանող տրակտորը: Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երեւանյան խճուղու 149/100 տնակի դիմաց Լ.Հեքիմյանը  խախտելով տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները՝ վրաերթի է ենթարկել նույն ընկերության աշխատակից Վաղինակ Մեսրոպյանին: Փաստի առիթով Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի (աշխատանքի պահպանության կանոները խախտելը) եւ 242 հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը): Քննիչի փոխանցմամբ՝ մեքենայի վարորդն արդեն ձերբակալված է, իսկ գործի այլ մանրամասներ նա մեզ չհաղորդեց՝ նախաքննության շահերից ելնելով:

Նախորդ հոդվածը‘Վալիդ ալ- Մուհալեմին ԱՄՆ մուտքի վիզա չեն տվել’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի փոխարեն գնում ես տեքստիլի գործարան, որ ի՞նչ անես’