‘Մահափորձի վերաբերյալ Հայրիկյանի հակասական հայտարարությունների ծաղկաքաղը’

705

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 31-ի գիշերն իրականացված մահափորձից հետո լրատվամիջոցներում անմիջապես սկսեցին շրջանառվել հանցագործության դրդապատճառների տարբեր վարկածներ, այդ թվում հենց իր՝ Հայրիկյանի կողմից: Երկու շաբաթվա ընթացքում Հայրիկյանն ու նրա ընկերները հանցագործությունը պատվիրողների, կազմակերպողների կատարողների ու սատարողների վերաբերյալ մի շարք հակասական հայտարարություններ արեցին: Դրանցից առանձնացրել ենք առավել աչքի ընկնողները:

Պարույր Հայրիկյանի կողմից չուշացավ վարկածը հնարավոր պատվիրատուների մասին. փետրվարի 2-ին Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ ճեպացրույցում վստահություն հայտնեց, որ իր վրա կրակողը եվրոպացու արտաքին ունի:

«Մենք պատմությունից գիտենք, թե մեզ մեծագույն հարված հասցնողը ով է եղել, դա ռուսական իմպերիալիզմն է։ Ես կարծում եմ, որ ինձ վրա կրակողը հայ չէ: Բոլոր պետությունները ունենում են այդպիսի ծառայություններ հատուկ նպատակների համար»։

Մինչդեռ, փետրվարի 7-ին  ԱԱԾ-ին իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվեցին Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Հարությունյանը (երկուսն էլ բավական թխամաշկ հայեր են):

Հայրիկյանի հայտարարությունների եւ իրավապահների ձերբակալած անձանց դիմագծերի միջեւ եղած հակասությունը փորձեց բացատրել նրա կուսակից ընկեր Կարո Եղնուկյանը՝ ասելով, որ ՀՀ նախագահի մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանն իրականում մոլորեցրել էր հանցագործներին:

«Մինչև ձերբակալվածներին գտնելը Պարույր Հայրիկյանը մտածված որոշ տվյալներ էր տվել, որպեսզի մոլորեցներ հանցագործներին: Նա դա արել էր նրա համար, որ նրանք, ովքեր եվրոպական դիմագծեր ունեն, իրենց հանգիստ զգային»,- փետրվարի 8-ին լրագրողներին  ասաց Եղնուկյանը:

Իր՝ Հայրիկյանի բացատրությունը ավելի խճճված էր եւ հավանաբար, կրկին նպատակ ուներ «մոլորեցնելու սեւ գործեր կատարողներին»:

 «Ես կարծեմ, նույնիսկ ասել էի` եվրոպական դիմագծեր: Բոլոր երկրներում սև գործը կատարողները լինում են տեղացի մարդիկ: Այդպես ընդունված է: Հիմա արդեն կարող ենք ասել` քննությունը կփորձի պարզել, բայց քննությունն էլ կարող է ինչ-որ սահմանով պարզել, կախված է, թե պատվիրատուն որքանով է պատրաստված: Քաղաքական պատվեր տվողները սովորաբար աշխատում են այնպես անել, որ քաղաքական պատվերը հստակ չերևա»,- նույն օրը՝ փետրվարի 8-ին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր  նախագահի թեկնածուն:

Մի քանի օր անց՝ փետրվարի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ նույն հարցի շուրջ Հայրիկյանի մեկնաբանությունն այսպիսին էր.

«Ես, այո՛, խոսել եմ նաև հանցագործի արտաքինի մասին, որ ուներ եվրոպական արտաքին, մի քիչ էլ կատակով՝ ճապոնական արտաքին, դրանից հետո այլևս ոչինչ չեմ ասել, և ԱԱԾ աշխատակիցներն ինձ շնորհակալություն են հայտնել մանրամասները հիշելու համար։ «Այդ հայտարարությունն օգտակար էր, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ հայերը հիշողությունը կորցրած ժողովուրդ են»։

Հանցագործությունից անմիջապես հետո Պարույր Հայրիկյանը վստահություն էր հայտնել, որ նախագահի թեկնածուներից որեւէ մեկը չի կարող մասնակից լինել հանցագործությանը:

Արդեն փետրվարի 14-ին Պարույր Հայրիկյանը լրագրողների ներկայությամբ մեկ այլ բան հայտարարեց, որ  նախագահի բոլոր թեկնածուներին համարում է իր դեմ մահափորձ իրականացրած անձանց դաշնակիցներ, բացի Սերժ Սարգսյանից, որը, ըստ Հայրիկյանի՝ մահափորձին հաջորդած օրերին դադարեցրել է քարոզարշավը:   

«Մահափորձն ընտրապայքարից դուրս բերեց հիմնական թեկնածուներից մեկին, դա պետք է որ զգաստացներ մյուս թեկնածուներին, ասեին  «օհո՜, սա անթույլատրելի է», բայց թեկնածուները պահեցին իրենց այնպես, ասես ոչինչ չի պատահել, շարունակում էին իրենց ընտրապայքարը»,- ասաց Հայրիկյանը:  Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ օր էր դադարեցրել իր քարոզարշավը, եւ վերսկսել անմիջապես այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:

 Ի դեպ, երբ հայտնի դարձավ, որ կալանավորված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի հետ առնչություն ունեն (նրանցից մեկը մասնակցել էր Սեդրակյանի տան վերանորոգմանը, մյուսը վարել էր Սեդրակյանի մեքենան), Հայրիկյանը նշեց, որ Սեդրակյանը չէր կարող հիմնական դերակատարը լինել: «Գործի քննության վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում: Իսկ կրակողները և նրանց հետ կապված էպոսագետը հիմնական դեմքերը չեն: Գործը մաքուր է արված և մի քանի շերտով ապահովագրված է»:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Պարույր Հայրիկյանն այս ընթացքում նախաքննության մարմնի գործողությունների նկատմամբ որեւէ դժգոհություն չի արտահայտել:

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Խորհրդակցություն ԼՂՀ–ում ՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման թեմայով ‘
Հաջորդ հոդվածը‘Գիտնական. 24 ժամվա ընթացքում Երկրի վրա կարող են ընկնել ևս մի քանի երկնաքարեր’