‘Մահմեդականները շարունակում են հակաամերիկյան եւ հակաֆրանսիական ցույցեր անցկացնել. Կան նոր զոհեր’

719

Տարբեր երկրներում շարունակվում են ամերիկյան «Մահմեդականի անմեղությունը» ֆիլմի եւ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում Մուհամմեդ մարգարեին պատկերող ծաղրանկարների առաջացրած բողոքի ցույցերը:

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում այսօր ավելի քան 3,5 հազար մահմեդականներ բողոքի ցույց են անցկացրել կենտրոնական հրապարակներից մեկում: 

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ցուցարարները երթ են կազմակարպել արաբերեն գրություններ պարունակող սեւ դրոշներով՝ վանկարկելով հակաամերիկյան կարգախոսներ: Ելույթ ունեցողները կոչ են արել նորվեգական իշխանություններին՝ մահապատիժ սահմանել իսլամի արժեքները վիրավորելու համար:

Եգիպտոսում հարյուրավոր մարդիկ նույնպես սեւ դրոշներով բողոքի են դուրս եկել Ֆրանսիայում լույս տեսնող Charlie Hebdo երգիծական ամսագրում երեքշաբթի՝ Մուհամմեդ մարգարեին ծաղրող նկարների հրապարակման դեմ: Ուրբաթօրյա աղոթքից հետո ցուցարարների խմբերը ուղղվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, բայց ոստիկանական ջոկատները թույլ չեն տվել նրանց միավորվել դեսպանության շենքի առաջ:  Ցուցարարները «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի եւ նրա այժմյան հետնորդ Այման ազ-Զավահիրիի լուսանկարներով պաստառներ են պարզել: Դրանցից մեկի վրա գրված է՝ «որտե՞ղ եք դուք, իսկական տղամարդիկդ»: Ցուցարարները կարծում են, որ հրապարակված ծաղրանկարները միջկրոնական ատելություն են սերմանում եւ Եգիպտոսում նոր անկարգությունների պատճառ կարող են դառնալ:  

Ինչպես տեղեկացրել է iLur.am-ը, չորեքշաբթի Ֆրանսիան, զգուշանալով ծաղրանկարների հարուցած հնարավոր բողքոքի ցույցերից՝ հայտարարել էր 20 երկրներում մեկ օրով իր դիբանագիտական ներկայացուցչութունները եւ ֆրանսիական դպրոցները փակելու մասին:  

BBC-ի փոխանցած տվյալներով, Պակիստանի Կարաչի քաղաքում տեղի ունեցած հակաամերիկյան ցույցի ժամանակ անհայտ անձանց արձակած կրակի հետեւանքով սպանվել է 15 մարդ: Մայրաքաղաք Իսլամաբադում հարյուրավոր ցուցարարներ  են վիրավորվել: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ելույթը Անկախության տոնի կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Օբամա. Խորապես արժեւորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին’