‘Մամեդլի. Նախագահության 3-րդ ժամկետը բազմաթիվ խնդիրներ կստեղծի Իլհամ Ալիևի համար’

907

Ընդ որում՝ դրանց թվում առաջին պլանում կհայտնվի Ադրբեջանի արտաքին քաղաքական գծի ընտրության հարցը: Այդպիսի կարծիք է հայտնել Բաքվի Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին` առցանց հարցազրույցում պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին: «Ես ստույգ տեղեկատվություն չունեմ Եվրասիական միությանն անդամակցելու Իլհամ Ալիևի մտադրության մասին: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ նրա համար շատ դժվար է հետ կանգնել «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակցությունից: Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, թե Ռուսաստանն ի զորու կլինի ազդել Ալիևի որոշման վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջոցով: Եվ, վերջապես, արդեն այժմ որոշ կառավարամետ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ հայտարարում են Մաքսային միությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին: Դա ցույց է տալիս, որ կառավարության կուլուարներում կան նաև այդ անդամության կողմնակիցներ»,- նշել է Մամեդլին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հարկ կա հոկտեմբերի 9-ից հետո որևէ փոփոխություն ակնկալել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին առնչվող՝ Ալիևի հռետորաբանությունում, փորձագետը, վկայակոչելով Ալիևի նախընտրական ելույթները, նշել է, թե ինքը հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի խոստում կամ ծրագիր չի լսել: Մամեդլիի կարծիքով՝ Ալիևն այսուհետև նույնպես կկիրառի նույն ռազմաշունչ ոճը:

 

ՙ

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը արտահանման ապահովագրական կազմակերպություն է ստեղծում’
Հաջորդ հոդվածը‘Չերչիլը ճանաչվել է ամենասրամիտ վիրավորանքի հեղինակը’