‘
«Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է ուղղակի սպառնալիք հանդիսանալ եվրոպական հարևանության քաղաքականությանը, ընդ որում՝ շարունակելով նաև խոչընդոտել Եվրոպական հարևանության քաղաքականության լիարժեք գործադրմանը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Եվրամիության Արևելյան գործընկերության ԱԳՆ ղեկավարների վեցերորդ հանդիպման ժամանակ:
Մամեդյարովի խոսքով՝ Վիլնյուսի գագաթնաժողովին հաջորդած իրադարձությունները բազում մարտահրավերներ են ստեղծել Արևելյան գործընկերության ողջ տարածաշրջանում: Արևելյան գործընկերության տարածքում բոլոր հակամարտությունները տեղի են ունեցել համանման սցենարներով և հանգեցրել ծանր հետևանքների՝ տարածքային ամբողջականության խախտում, օկուպացիա կամ անջատականություն: «Ժամանակն է մեկ միասնական մոտեցում և համերաշխություն ցուցաբերել տարածաշրջանում բոլոր հակամարտությունների նկատմամբ: Մենք ԵՄ-ից ակնկալում ենք հստակ պատասխան տարածաշրջանում առկա մարտահրավերներին՝ հաշվի առնելով նրա պարտավորությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Ղարաբաղյան հակամարտության հարցով ընդունված բանաձևերը կատարելու կոչերի առնչությամբ: Մենք վստահ ենք, որ Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրումը խաղաղություն ու անվտանգություն կհաստատի տարածաշրջանում, ինչին երկար ժամանակ սպասում են տարածաշրջանի ժողովուրդները և միջազգային հանրությունը»,- հայտարարել է Մամեդյարովը:
Էլմար Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է սկսել աշխատանքը Խաղաղության մեծ համաձայնագրի ուղղությամբ: Փոխանցում է ru.apa.az-ը:
‘