‘Մամուլը՝ խորացող տնտեսական ճգնաժամի մասին’

1610

Հայաստանյան մամուլում այսօր բավականին ուշագրավ հրապարակումներ են տեղ գտել խորացող տնտեսական ճգնաժամի մասին:

Երեկ Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական վիճակին վերաբերող փակ քննարկում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»՝ հղում անելով իր աղբյուրներին: Համաձայն աղբյուրի, քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Կառավարության տնտեսական բլոկի նախարարները: «Այն փաստը, որ այս օրերին սահմանին տիրող լարվածության պայմաններում ՀՀ ղեկավարությունը տնտեսական վիճակի հետ կապված փակ քննարկում է կազմակերպում, թույլ է տալիս ենթադրել, որ իշխանությունները Հայաստանի տնտեսությունում հնարավոր զարգացումների հետ կապված լուրջ մտավախություններ ունեն, որոնք ավելի հրատապ են, քան սահմանում տիրող վիճակը»,–եզրակացնում է թերթը։

«168 ժամը» գրում է, որ ՀՀ բանկերն արդեն հրապարակել են 2014 թվականի 4-րդ եռամսյակի իրենց ցուցանիշները: Այդ տվյալների համադրումից բավական ուշագրավ պատկեր է բացվում: Օրինակ, 21 բանկերի հաշվետվություններից ստացվում է, որ ավանդների և հաշիվների մեծությունը 2014 թվականի ընթացքում աճել է 4.8%-ով կամ 78.2 միլիարդ դրամով: Տարվա սկզբին բանկերն ունեցել են 1.622 տրիլիոն դրամի ավանդներ, տարվա վերջին՝ 1.701 տրիլիոն: Սակայն կա մի կարևոր նրբություն: Ավանդների 70%-ը ՀՀ բանկերում արտարժույթով է: Ու քանի որ նախորդ տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է 15%-ով, ապա միայն այդ արժեզրկման հետևանքով ավանդների մեծությունը պետք է կազմեր 1 տրիլիոն 793 միլիարդ դրամ:

Այսինքն՝ աճը պետք է կազմեր 170 միլիարդ դրամ կամ 10.5%: Սա նշանակում է, որ իրականում ՀՀ բանկերում հաճախորդների ավանդների ու հաշիվների վրա եղած գումարները ոչ թե աճել են, այլ նվազել 5.1%-ով կամ 91.8 միլիարդ դրամով: Շատ ավելի պարզ ասած, մարդիկ նախորդ տարվա ընթացքում բանկերից դուրս են հանել 91.8 միլիարդ դրամ: Թերթը նաև հիշեցնում է, որ նախորդ տարվա դեկտեմբերից սկսեցին լուրեր շրջանառվել, որ քաղաքացիները կանխիկացնում են բանկերում պահվող իրենց գումարները և տեղափոխում դրանք բանկերի պահատուփեր կամ ներքնակների տակ: Այս թվերն անուղղակիերեն հաստատում են այդ լուրերի իսկությունը։

«ՀԺ»-ի տեղեկություններով, Հայաստանում խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու համար ՀՀ կառավարությունը փորձում է խոշոր վարկ «կպցնել» միջազգային ֆինանսական կառույցներից և դրանով մի մեծ ծրագիր իրականացնել:

Որոշ հաշվարկներով, այդ ծրագիրը պետք է արժենա 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլար: Խոսքը, օրինակ, մի քանի մեծ օբյեկտների շինարարության մասին է, որը հնարավոր կւինի իրականացնել 1-1.5 տարվա ընթացքում և դրանում ներգրավված կլինեն հնարավորինս մեծ թվով մարդիկ: Սա, ըստ կառավարության, թույլ կտա մի կողմից ապահովել աշխատատեղեր, մյուս կողմից գործող արտադրական հգորությունները ապահովել պատվերներով: Ո՞վ պետք է ֆինանսավորի նման ծրագիր, ո՞ր ոլորտում կիրականացվի այն դեռևս անհայտ է։ Սակայն խորացող ճգնաժամին հակազդելու որևէ այլ լուծում կառավարությունը գոնե առայժմ չունի: «Այսպիսի ծրագիր «կպցնելու» ճանապարհին կառավարությունը դեռ որևէ հաջողություն չի արձանագրել»,–նկատում է թերթը։

Հայաստանից անօրինական ֆինանսական արտահոսքերը տարեցտարի մեծանում են: Այս մասին է գրում «168 ժամը»՝ հղում անելով Global Financial Integrity (GFI) կազմակերպության հերթական տարեկան զեկույցին՝ «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2003-2012»: Ըստ այդմ՝ Հայաստանն «առաջընթաց» է արձանագրել և նախորդ տարվա 71-րդ հորիզոնականից (144 երկրների շարքում) 2012-ին բարձրացել է 69-րդ «պատվավոր» տեղը (145 երկրների շարքում):

«GFI-ի հաշվարկներով՝ 2012-ին Հայաստանից դուրս է բերվել 1 մլրդ 230 մլն դոլար նախորդ տարվա համեմատ 63 մլն դոլարով ավելի: Ընդհանուր առմամբ, 10 տարիների ընթացքում (2003-2012թթ.) Հայաստանից արտահոսքը կազմել է մոտ 7.5 մլրդ դոլար: Թե ո՞ր ուղղությամբ են հոսել կամ որտե՞ղ են հանգրվանել այս փողերը, զեկույցում չի նշվում»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Կալդերոն. «Ռեալի» ֆուտբոլիստները պատերազմի են պատրաստվում’
Հաջորդ հոդվածը‘Մինո Ռայոլան ցանկանում է դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ’