‘
Մամուլի անդրադարձը հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էներգիայի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիային և ոստիկանության գործողություններին:
Ժողովուրդը գրում է.
Երեկ, Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողություններն այլ կերպ, քան հանցագործություն սեփական քաղաքացիների դեմ, դժվար է որակել: Չնայած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ քաղաքացիների ակցիան խաղաղ բնույթ է կրել, սակայն ոստիկանները մարդկանց քաշքշելով, ծեծելով բերման են ենթարկել. ինչպես հրահանգել է ոստիկաններից մեկը՝ «կատոկելով բոլորին տարեք»:
Ոստիկանները երկու հոգու անգամ ծեծի են ենթարկել՝ հասցնելով մարմնական ծանր վնասվածքներ, որոնց ավելի ուշ տեղափոխել են հիվանդանոց: Բերման ենթարկելու ողջ օպերացիայի վայրագությունը տեսնելով, հարեւան շենքերի բնակիչներն անգամ վերեւից ջուր են լցրել՝ փորձելով սթափեցնել, ուշքի բերել ոստիկաններին, սակայն՝ ապարդյուն: Ոստիկանները երեկ բերման են ենթարկել 27 քաղաքացու, որոնց երեկոյան արդեն ազատ էին արձակել: Նկատենք, որ երեկ հավաքված քաղաքացիները պայքարում էին մի հարցի համար, որը վերաբերում է ՀՀ բոլոր բնակիչներին անխտիր, այդ թվում՝ բռնություն գործադրող ոստիկաններին ու նրանց ընտանիքներին եւս: Համենայնդեպս, երբ վաղը թանկանա էլեկտրաէներգիայի սակագինը, այն հարվածելու է բոլորի գրպաններին:
«Առավոտը» խմբագրականում գրում է.
Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ 27 հոգու բերման ենթարկեցին, 3 հոգի հայտնվել էին հիվանդանոցում, լրագրողին հարվածել էին: Քաղաքացիների բողոքը խաղաղ էր, նրանք ոչ մեկին չէին խանգարում, ոչ մեկի իրավունքները չէին ոտնահարել: Ոստիկանների գործողությունները, հետևաբար, անհամաչափ էին: Տեսագրություններից դատելով՝ «օպերացիան» իրականացնող տղաների դեմքերին սադիստական հաճույք էր գրված: Սովորաբար Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բավականին մտերմիկ զրույցի է բռնվում ցուցարարների հետ, սակայն այս անգամ դա տեղի չունեցավ՝ ոստիկանները գործեցին վերին աստիճանի ոչ պրոֆեսիոնալ:
Մեզ նման երկրների ոստիկանները պետք է հասկանան. երբ նրանք «ոգևորված» հարձակվում են քաղաքացիների վրա, այդ հարձակումից րոպեներ անց տարբեր ռակուրսներից արված տեսագրությունները կհայտնվեն համացանցում։
Հրապարակը գրում է.
«Գնահատական տալը դեռ վաղ է, նյութեր են նախապատրաստվում, որից հետո գնահատական տվողները կտան»,- ասել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ երեկվա բախումներին: Իսկ ինչո՞վ էր պայմանավորված ոստիկանների այդչափ ագրեսիան:
«Հիմա կներկայացնենք իրավիճակը, էն, ինչը որ եղել է, անձինք բերման են ենթարկվել, նախապատրաստվել են նյութեր, դեռ ավարտ չկա, ես դրա համար ոչ մի հայտարարություն չեմ կարող անել»: Իսկ գուցե ոստիկանության ղեկավարությունից հատուկ ցուցո՞ւմ է եղել քաղաքացիների հանդեպ բիրտ լինելու: «Ոչ, ես կարող եմ ասել հստակ մի բան՝ ով օրենքը խախտել է, նա պատասխան կտա, այլ բան չեմ կարող ասել»:
‘