‘Մայդանն ու Արցախի հիմնախնդիրը’

1944

Խորհրդային Միության փլուզման ժամանակ, երբ հարևան Վրաստանն ու Ադրբեջանը տարված էին իրենց երկրներում տեղակայված ԽՍՀՄ ռազմաբազաները թալանելով, Հայաստանի իշխանությունները չգնացին այդ ճանապարհով, այլ Ռուսաստանի ղեկավարության հետ համաձայնության եկան, որպեսզի Հայաստանում տեղակայված ռազմաբազաներից Ռուսաստանը է՛լ ավելի շատ զենք ու զինամթերք նվիրի Հայաստանին:  

Հիմա ուղեղի աշխատանքի հետ որոշ խնդիրներ ունեցող մարդիկ կարող են պնդել, թե Արցախն առանց զենքի էլ կհաղթեր Ադրբեջանին, կամ թե՝ մեր Սփյուռքից ուղարկած մի քանի ատրճանակով կարելի էր կռվել Ադրբեջանի դեմ, սակայն ինչպես Վազգեն Սարգսյանն էր խոստովանում, առանց Տեր-Պետրոսյանի հավասարակշռված քաղաքականության՝ հնարավոր չէր ոչ միայն ազատագրել Արցախը, այլև ավելին՝ Հայաստանի լինելիությունն էլ  հարցականի տակ կդրվեր ( կից տեսանյութում):

Այստեղ պարզագույն ճշմարտությունն այն է, որ եթե գերտերությունը փլուզվում է, կողքին գտնվող փոքր երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի չմնան գերտերությունների փլատակների տակ: Ու դեռ հարց է՝ այդ գերտերությունը կփլուզվի՞, թե՞ ավելի հզորացած դուրս կգա իրավիճակից, կամ էլ՝ կզոհաբերի իր կողքին գտնվող երկրներին՝ իր կշիռը պահելու համար: Այս վերջին տարբերակն ամենակիրառվողն է գերտերությունների զինանոցում, ու դարասկզբի Հայոց ցեղասպանությունն էլ պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում:

Այսօր Ռուսաստանը Ուկրաինայի խնդրով հակամարտության մեջ է մտել Արևմուտքի հետ, և այդ հակամարտությունը տարածաշրջանի ու աշխարհի համար հղի է վտանգավոր հետևանքներով:

Երբ Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հայտարարեց Մաքսային միություն մտնելու անշրջելիության մասին, դա ընդամենը Հայաստանը ռուս-արևմտյան հակամարտության թատերաբեմից հեռու պահելու կոչ էր, որը, հուսով եմ, մեր իշխանությունները հասկացան: Այս իրավիճակում ամենակարևորը «ոտքի տակ» չընկնել ու չտրորվելն է ու Հռոմի պապից ավելի կաթոլիկ չներկայանալը:

Ցավոք սրտի՝ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասում իշխում է կատարյալ տգիտությունը, ու Մայդանով ոգևորվածներն ու իշխանական գործակալները չեն կարողանում ընկալել, որ այս պահին Ռուսաստանի թուլացումից կարող է օգտվել Ադրբեջանը և նմանություն գտնելով Ղրիմի և Արցախի միջև՝ հարված հասցնել Արցախին՝ իբր իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով: Այս դեպքում միջազգային հանրությունը, որը կողմ է երկրների տարածքային ամբողջականությանը ու այդ մասին մի քանի անգամ հայտարարեց Ղրիմի դեպքերի հետ կապված, որևէ ձայն չի կարող հանել Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ, ու այս պարագայում նա հաստատ կմոռանա ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:

Եթե Հայաստանն այսպիսի լարված իրավիճակում որևէ կտրուկ քայլ արեց Ռուսասանի դեմ, այդ քայլը Ռուսաստանը կարող է դիտարկել որպես արդարացում՝ Արցախյան պատերազմում Ադրբեջանին զինելու և աշխարհի ուշադրությունը Ուկրաինայի դեպքերից շեղելու ուղղությամբ:

Բարեբախտաբար, մինչև այս պահը ՀՀ իշխանություններն ու ԱԳՆ-ն  որևէ հայտարարություն չեն արել ուկրաինական դեպքերի առնչությամբ, և ամենախոհեմ որոշումն այն կլինի, որ նրանք շարունակեն լռություն պահպանել ու միջազգային ասպարեզում Ուկրաինային վերաբերող ցանկացած հարցի շուրջ ձեռնպահ քվեարկել:

Եթե Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին պարտադրի ստորագրել Ղրիմի հարցում պրոռուսական որոշում, ապա Հայաստանը կարող է պահանջ ներկայացնել, որպեսզի Ռուսաստանն էլ Արցախի ինքնորոշման հարցով որևէ փաստաթուղթ ստորագրի, որից հետո միայն Հայաստանը կքվեարկի Ղրիմում ապրող ռուսների ինքնորոշման իրավունքի օգտին: Իհարկե, Ռուսաստանը Արցախի հարցում որևէ այդպիսի փաստաթուղթ չի ստորագրի, սակայն այսպիսի պահանջը Հայաստանի իշխանություններին հնարավորություն կտա խուսափելու հակամարտության որևէ կողմում հայտնվելու վտանգից:

Չեմ ուզում վախեցնել նաև Թուրքիայի տարածաշրջանային ակտիվացմամբ և այն հայտարարություններով, որ նրանք պատրաստ են պաշտպանել Ղրումում ապրող իրենց եղբայր թաթարների իրավունքները: Պարզապես ցանկանում եմ հիշեցնել, որ թուրքերի համար ադրբեջանցիներն ավելի մոտ «եղբայր» են, քան թաթարները, ու Ռուսաստանի թուլացումով ոգևորվածները թող այս հանգամանքն էլ հաշվի առնեն:

Ի դեպ, Արևմուտքը միայն տնտեսական ճնշումներ է կիրառում Ռուսաստանի վրա, ինչպես նաև տնտեսական որոշ ճնշումներ էր կիրառում Թուրքիայի վրա՝ նրա՝ Կիպրոս ներխուժելուց հետո, իսկ, ահա, տվյալ երկիր ներխուժողների դեմ զինված պայքարը միայն այդ երկրի ժողովրդի խնդիրն է, ու որևէ ՆԱՏՕ ու Ռուսաստան չի գալու՝ մեր տեղը կռվի:

Պարզապես ամեն ինչ պետք է անել՝ խուսափելու համար արկածախնդիրներից ու դրանով իսկ տարածաշրջանը հեռու պահելով պատերազմից:

Լեո Ամիրյան

Նախորդ հոդվածը‘Ղրիմում ոչ մի զորամաս չի կատարել ՌԴ զինվորականների՝ զենքը հանձնելու վերջնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Կորեական ԶԼՄ-ները հրապարակել են Սերժ Սարգսյանի հիվանդությունների ցանկը’