‘«Մայդանում» 2 մարդ է զոհվել, որոնցից մեկը հայ է (տեսանյութ)’

1350

«Մայդանի» ինքնապաշտպանության շտաբից հաղորդել են, որ զոհվել է Եվրամայդանի ակտիվիստներից մեկը: Ցուցարարների բժշկական ծառայությունից հայտնել են, որ երիտասարդը մահացել է հրազենային վնասվածքի հետևանքով:

BBC-ի թղթակցին հաջողվել է զրուցել հոգևորականի հետ, որը զոհվածի մարմինը բուժկետից տեղափոխելիս եղել է նրա կողքին: Հոգևորականը հայտնել է, որ զոհի անունը Սերգեյ է, ծննդյան թիվը՝ 1993 թ., և նա Դնեպրոպետրովսկից է: Украинская правда-ն հայղորդել է զոհվածի լրիվ անունը՝ Սերգեյ Նիգոյան: Պարբերականի տվյալներով՝ երիտասարդը մահացել է պարանոցին և գլխին հասցված հրազենային վնասվածքներից:

Այսօր առավոտյան ուկրաինական միլիցիայի «Բերկուտ» սպեցնազը ճեղքել է ցուցարարների բարիկադները Գրուշևսկի փողոցում, որտեղ են գտնվում Ուկրաինայի կառավարության և խորհրդարանի շենքերը: Ցուցարարները վազել են Եվրոպական հրապարակի կողմը, որից հետո միլիցիան նահանջել է իր ելման դիրքեր:

Հակամարտության առաջին զոհի մասին հայտնի է դարձել առավոտյան: Այդ մասին հայտարարել են Մայդանի ամբիոնից: Ըստ BBC-ի թղթակցի՝ այս մահը ցուցարարների համար ձեռք է բերում քաղաքական և հոգեբանական փաստի կարգավիճակ:

Այսօր Ուկրաինայում ուժի մեջ են մտնում այն օրենքները, որոնք, մասնավորապես, կտրուկ խստացնում են զանգվածային ակցիաներ անցկացնելու կանոնները և այդ օրենքները խախտելու դեպքում պատասխանատվությունը:

Հ.Գ. Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատել է Նիկոյանի մահվան լուրը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, աշխատանքներ են տարվում վերջինիս քաղաքացիությունը ճշտելու ուղղությամբ:

Համացանցում արդեն տարածվել է Սերգեյ Նիգոյանի հիշատակին նվիրված տեսանյութ:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ սուտ է տարածում’
Հաջորդ հոդվածը‘Շտապե՛ք, տաք-տաք ոսկին վերջանում է. ՀՀ կառավարություն’